«Դասագիրք» եզրույթի փոխարեն անհրաժեշտ է կիրառել «ուսումնական նյութեր» բառերը․ փոփոխություններ դասագրքերում

Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձեւավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ըստ ԿԳՄՍՆ հաղորդագրության՝ «կատարված լրամշակումները նպատակ ունեն պարզեցնել խնդրահարույց  մի շարք հարցեր։ Մասնավորապես հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների դասագրքերի դեպքում հանվել է հայոց լեզվի մասնագետի ընդգրկման պահանջը՝ փոխարենը ներգրավելով օտար լեզվի համապատասխան մասնագետի։ Տարանջատվել են «դասագիրք» եւ «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներում: Սահմանվել է, որ «դասագիրք» եզրույթի փոխարեն  անհրաժեշտ է կիրառել «ուսումնական նյութեր» բառերը, քանի դեռ նյութը չի երաշխավորվել որպես դասագիրք:

Հստակեցվել է, թե որ կառույցն ու ինչ ժամկետում պետք է իրականացնի դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ ընդգրկված հղումների ու դրանց հասանելիության հետ կապված խնդիրների բացահայտումը եւ շտկումը: Ըստ այդմ՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (ԿԶՆԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առնվազն 1 ամիս առաջ վերանայում է դասագրքերում օգտագործված հղումները և դրանց հասանելիությունը եւ փոփոխություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում նախարարությանը: Սահմանվել է նաև, որ  դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները  պետք է մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում եւ պաշտպանված լինեն կիբերհարձակումներից:

Դասագրքերի ստեղծման ժամկետներում նույնպես փոփոխություն է կատարվել՝ պայմանավորված փորձարկման արդյունքում լրամշակված ծրագրերի և չափորոշչի հիման վրա տպագրված դասագրքի սեղմ ժամկետներում երաշխավորելու, ինչպես նաև գործածության ընթացքում ի հայտ եկած խնդիրները հնարավորինս արագ շտկելու անհրաժեշտությամբ։

Դասագրքերին եւ ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվել են առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա դասագրքերի եւ ուսումնական նյութերի հրատարակման համար»։

Կիսվել սոց․ ցանցերում