Պաղեստինա-իսրայելական հшկшմшրտությանը երրորդ ուժերի ներգրավման մեծ ռիսկ կա. Կրեմլ

Կրեմլը «շատ ուշադիր» հետևում է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը, իրավիճակը առաջացնում է «խորը մտահոգություն»։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով դեպի Իսրայելի ափեր ամերիկյան ռազմական նավատորմի շարժվելու վերաբերյալ հարցին։

«Իրավիճակն իսկապես մեր խորը մտահոգությունն է առաջացնում, մենք շատ ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Առայժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը զարգանում է ուղղակի էսկալացիայի ճանապարհով, երրորդ ուժերի ներգրավման ռիսկը մեծ է», — մեջբերում է նրա խոսքերը «Ինտերֆաքս»-ը։

Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ շատ կարևոր է «որքան հնարավոր է շուտ ինչ-որ բանակցային գործընթացի անցնելու ուղիներ գտնել»՝ «այս էսկալացիան նվազեցնելու և ուժային լուծման ռեժիմից դուրս գալու համար»։

Նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը «ավանդաբար եղել է մի շարք պետությունների շահերի միահյուսման վայր, և այդ պետությունները միշտ չէ, որ արդյունավետ ազդեցություն են ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա»: Նրա խոսքով՝ այնտեղ «շատ բարդ է հավասարակշռությունը շահերի և տարբեր ժողովուրդների իրավունքների, որոնք պետք է ապահովվեն»։

Պեսկովին նաև հարցրել են, թե Ռուսաստան վերադառնալու դեպքում ռուսները, ովքեր դեմ են արտահայտվել ռուսական ներխուժմանը Ուկրաինա և մեկնել են Իսրայել, պե՞տք է վախենան հետապնդումից։ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները (ապրում են) աշխարհի շատ երկրներում: Ռուսաստանի Դաշնությունը նրանց հայրենիքն է»,- պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Կիսվել սոց․ ցանցերում