Իսրայելն ու Եգիպտոսը սկզբունքային համաձայնության են եկել Գազայի հատվածից փախստականների համար միջանցք ստեղծելու մասին։
Այսպիսի հայտարարություն է արել Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին։
Ըստ նրանց՝ «Իսրայելը և Եգիպտոսը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել՝ անվտանգ միջանցք ստեղծելու ամերիկացիների և այլ երկրների քաղաքացիների համար Գազայից հեռանալու մասին»։
Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները շեշտում են, որ այդ ծրագրերի իրականացումը կարող է հղի լինել մեծ դժվարություններով, քանի որ «դա կպահանջի զինադադարի ինչ-որ ձև»։
Ինչպես գրում է պորտալը, Գազայի հատվածում կա «ավելի քան 500 ամերիկացի և այլ երկրների հարյուրավոր քաղաքացիներ»։ Դրանք ներառում են ՄԱԿ-ի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և լրագրողներ, նշում են Axios-ի աղբյուրները։
Եգիպտոսը և ՄԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ անընդունելի են համարում Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացումը և պաշտպանում են դիվանագիտական ջանքերը՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել, որ ներկայիս իրավիճակը իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար և բարձր է գնահատել Եգիպտոսի ջանքերը՝ նպաստելու պաղեստինյան անկլավ հումանիտար օգնության առաքմանը։ ՄԱԿ-ը նաև հայտնել է, որ աշխատում է Կահիրեի հետ Եգիպտոսից Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար միջանցքներ ստեղծելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը Եգիպտոսի և Իսրայելի հետ ակտիվորեն քննարկում է Գազայից փախստականների համար միջանցք ստեղծելու հնարավորությունը։
Իր հերթին The Jerusalem Post թերթը, հղում անելով Եգիպտոսի անվտանգության ծառայությունների աղբյուրներին, գրել է, որ Կահիրեն միջանցքներ չի բացելու Գազայից փախստականների և տեղահանվածների համար։
