ԼՂ-ից բռնшգшղթած ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է երկու ուսումնական տարով. Սվաջյան

Արցախից 1500 ուսուցիչ է բռնագաղթել Հայաստան եւ ԿԳՄՍ-ն մի ծրագիր է մշակել, որով հեշտացված կարգով այդ ուսուցիչներին աշխատանք կառաջարկվի հայաստանյան դպրոցներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրն այսօր հաստատվել է կառավարության նիստում:

«Աշխատանքի կընդունվեն բոլոր նրանք, որոնք «Հանրակրթության մասին» օրենքով մանկավարժի որակավորմամբ հանրակրթական դպրոցներում աշխատելու իրավունք ունեն»,-հայտնեց Սվաջյանը և տեղեկացրեց, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորվել է, բոլոր թափուր աշխատատեղերի բազան, որը կհրապարակվի հոկտեմբերի 16-ից հետո և ուսուցիչները կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան շարունակել իրենց գործունեությունը:

Փոխնախարարի խոսքով, երբ ուսուցիչն ընտրի աշխատատեղը, այդ պահին առցանց հարթակում ինքնաշխատ եղանակով կձևակերպվի նրա հայտը, որտեղ առկայության դեպքում այդ պահին կարող են ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ այն անել հետո:

Արաքսիա Սվաջյանը նաև հատնեց, որ արցախցի ուսուցիչը կարող է տասն օրվա ընթացքում չեղարկել հայտը և նոր հայտով դիմել՝ նոր վայրերում բնակարաններ վարձելու հնարավորության հետ կապված:

«Ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է երկու ուսումնական տարով,  և եթե նա որոշի խզել պայմանագիրը, ապա այդ նույն պայմաններով այլևս աշխատել չի կարողանա: Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքներում նրանք բացի նախատեսված 30% հավելավճարից, կստանան ամսական ևս 50 հազար դրամ»,- հատարարեց ԿԳՄՍ փոխնախարարը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ տեղափոխված 1500 ուսուցիչներից շուրջ 500-ը հայտագրվել են, ԿԳՄՍՆ բազայում նրանց մասին տվյալներն առկա են։

Կիսվել սոց․ ցանցերում