«Հայաստանից արտահանումների ընդամենը մոտ 40 տոկոսն է Ռուսաստան գնում, տնտեսվարողները աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, Լարսի անցակետում էլ հերթ չկա»:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում հնարավոր խնդիրների մասին հարցին:
«Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարվա հունիսից հետո՝ իմ և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի պայմանավորվածություններից հետո, Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, հեշտացվել են պրոցեսները»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե մարդիկ դժգոհում են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակից, նախարարն ասաց, որ ընդամենը 2 օր են հարցեր եղել, այդ խնդիրն այլևս չկա:
Նա հավաստիացրեց, որ վառելիքի հետ կապված խնդիր չկա, որոշ խնդիր եղել է բենզինի հետ կապված, բայց ՀՀ-ից առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է, աշխատանքները շարունակվում են:
Բենզինի գների վերաբերյալ Քերոբյանը հայտնեց, որ այդ առումով ոչինչ չի կարող ասել, քանի որ գները շուկայից են կախված:
