«Գերմանիայի Բունդեսթագ այցի շրջանակներում հանդիպեցինք ֆինանսական, արտաքին և տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի անդամների հետ։
Բունդեսթագի Տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստոֆ Հոֆմանը, հանդես գալով ներածական խոսքով և ողջունելով հյուրերին, նշեց, որ դեռ 1991 թվականից Հայաստանը արևելյան քաղաքականության ակտիվ հետևորդ է, ընդգծեց, որ Հայաստանին ընկալում են որպես գործընկեր։ Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հարյուր հազարից ավել բռնի տեղահանվածների փաստը՝ մտահոգություն հայտնեց, որ խնդիրները լուծվում են ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով։
Որպես ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, շնորհակալություն հայտնեցի ընդլայնված մեծ կազմով հանդիպման հնարավորության համար, ներկայացրեցի ՀՀ-ում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծեցի ժողովրդավարական արժեքներին ՀՀ նվիրավածությունը, բարձր գնահատեցի Գերմանիայի դրական միջնորդությունն ու ջանքերը, հասցեական հայտարարությունները։ Որպես իրավիճակի հաղթահարման ճանապարհ՝ կարևորեցի ՀՀ տնտեսության զարգացումը։ Բարձր գնահատելով Գերմանիայի փորձի ու աջակցության անհրաժեշտությունը Հայաստանին՝ հույս հայտնեցի, որ համատեղ ջանքերով ու Գերմանիայի օժանդակությամբ Հայաստանի և Գերմանիայի տնտեսական և քաղաքական հարաբերությունները կթևակոխեն նոր փուլ։ Շեշտեցի, որ փոխադարձ շահութաբեր տնտեսական հարաբերությունների կարելի է հասնել երկուստեք ակտիվ համագործակցությամբ։
Հանդիպման վերջում ես և պատվիրակության կազմում գտնվող ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը, ինչպես նաև գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պատասխանեցինք Բունդեսթագի պատգամավորների հարցերին։
Հարցերը վերաբերվում էին Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի սոցիալական պաշտպանության մեխանիզմներին, տարածաշրջանային իրավիճակին, ճանապարհների ապաշրջափակման հնարավորություններին, խաղաղության պայմանագրի կնքման հնարավորություններին և այլն»։
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան

