Ինչպե՞ս են վերահսկվելու կшզինпները, երբ ասում են՝ եկեք, մենք հնարավորություն կտանք «տակից» խաղալու». պատգամավոր

Կազինոների վերահսկողությունն ինչպե՞ս է կատարվելու:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր այս մասին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ վիճակախաղերի մասին» օրենքում, ինչպես նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

«Օնլայն խաղերի հարթակում լիցքավորումը ևս օնլայն է, բայց կազինոներ մարդը ֆիզիկապես է գնում, և այսպիսի խոսակցության կա, որ կազինոներն ասում են իրենց մշտական հաճախորդներին՝ արխային եղեք, մենք ձեզ հնարավորություն կտանք «տակից» խաղալու»,- նշեց նա:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է անձի նույնականացում, ըստ որի՝ անձը միայն իր քարտով պետք է խաղադրույք անի։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն՝ ապօրինի խաղային գործունեություն կազմակերպելու համար։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ նշեց, որ ՀՀ-ում ներկայումս 5 խաղատուն է գործում, որից 4-ը՝ Ծաղկաձորում, 1-ը՝ Երևանի մատույցներում։

«Ոլորտին ուշադիր ենք, ՊԵԿ-ը բավական մեծ նախագծերի փաթեթ է շրջանառել, ըստ որի՝ լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կդնի խաղատների վրա, որպեսզի պետությունը օնլայն վերահսկի՝ ինչ է կատարվում խաղատներում։ Եթե նման տեխնիկական լուծում տա, վերահսկողության մակարդակը կբարձրանա։ Նման քայլերը հիմք կդառնան, որ եթե մարդն իր սև փողն ուզում է լվանալ խաղատան միջոցով՝ խաղատունը չուզենա՝ նա իր մոտ գա, որովհետև ինքը էլի վերահսկողության տակ է  լինելու»,- ասաց նա։

Փոխնախարարը համաձայնեց՝ պրակտիկայում պարզ է. մասնավորը կրեատիվ է ու ամեն ինչ կարող է շրջանցել։ «Բայց պետք է փորձենք դեմն առնել, ՊԵԿ-ն ուշադիր է»,- նշեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում