Huawei-ից հետո Xiaomi-ն և Vivo-ն ևս կունենան իրենց օպերացիոն համակարգերը․ ի՞նչ է սպասվում Android-ին

Սմարթֆոնների չինական խոշոր արտադրողները մեկը մյուսի հետևից մշակում են իրենց սեփական օպերացիոն համակարգերը։ Եթե նախկինում իր սեփական օպերացիոն համակարգն էր ստեղծել Huawei-ը, ապա այժմ նրա օրինակին կհետևեն նաև Xiaomi-ն և Vivo-ն, այս մասին տեղեկացրել է հայտնի ինսայդեր Ice Universe-ը։

«Huawei HarmonyOS-ից հետո Xiaomi-ն կթողարկի սեփական MIOS օպերացիոն համակարգը։ Vivo-ն ևս կթողարկի օպերացիոն համակարգ, որն ամբողջությամբ մշակված է ընկերության կողմից: Չինական սմարթֆոնների բրենդները թևակոխելու են ամբողջովին ինքնուրույն մշակված օպերացիոն համակարգերի դարաշրջան»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ MIOS-ը կփոխարինի MIUI-ին և կդառնա Xiaomi բջջային հեռախոսների նոր օպերացիոն համակարգը։ Խոսքը միայն անվանափոխության մասին չէ։ Սա նոր օպերացիոն համակարգ է, որը HarmonyOS-ի նման կօգտագործվի Xiaomi սմարթֆոններում, պլանշետներում, ավտոմեքենաներում և խելացի տան սարքերում։

2023-ի փետրվարի տվյալներով Android-ն ունի ավելի քան 3 միլիարդ ակտիվ օգտատեր։ Աշխարհի բոլոր սմարթֆոնների երեք քառորդն աշխատում է Android-ով՝ ավելի քան 1,5 միլիարդ Android սմարթֆոն։

2023-ի հուլիսի տվյալներով՝ Huawei-ն աշխարհում սմարթֆոններ արտադրող 6-րդ խոշոր ընկերությունն է, որի մասնաբաժինը սմարթֆոնների գլոբալ շուկայում 2023-ի հուլիսին կազմել է 4%,  Xiaomi-ին բաժին է հասել սմարթֆոնների գլոբալ շուկայի 12%-ը, իսկ Vivo-ին՝ 8%-ը։ Այսինքն՝ այս երեք ընկերություններին միասին բաժին է ընկնում շուկայի 24% մասնաբաժինը։

Ice Universe-ն առաջինն էր, որը ճշգրիտ կերպով կանխատեսել էր ջրվեժ էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի վերջի կտրվածի, Dynamic Island կտրվածքով iPhone 14-ի նոր դիզայնի և 200 մեգապիքսելանոց տարբեր տեսախցիկների մասին:

Կիսվել սոց․ ցանցերում