Տեսանյութ․Արբանյակային լուսանկարները չեն հաստատում ԼՂ-ում զորшշшրժի մասին Բшքվի պնդումները

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ երկրում գործող դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպմանը պնդել է, թե Արցախում հայկական ստորաբաժանումները սադրանք են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։

Ադրբեջանի ՊՆ-ն մի տեսանյութ էր նաև հրապարակել՝ պնդելով, թե այն ապացուցում է վերջին օրերին Արցախի ՊԲ-ի, ինչպես նաև Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացվող զորաշարժը, սպառազինության կուտակումը:

Ավելի վաղ նման պնդումներ էր արել նաև այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունը, ինչին ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով Բաքվի տարածած տեսանյութը, տեղորոշեց, որ կադրերում երևացողը Դրմբոնի զորամասն է։

Google Earth համակարգում զորամասից վերջին արբանյակային լուսանկարն արվել է 2022 թվականի ապրիլին։ Ավելի քան մեկ տարի առաջ արված այս լուսանկարում գրեթե նույն մասշտաբի մեջ երևում է առնվազն նույն քանակի զրահատեխնիկա, քան Բաքվի տարածած կադրերում։

Google Earth-ի արբանյակային լուսանկարը

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութից կադր

Փաստացի, ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի զորամասից հրապարակած կադրերում  զորաշարժի, սպառազինության կուտակման մասին պնդումը չի հաստատվում։

Բացի դրանից, չի հաստատվում նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասի և սպառազինության պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հերքել է Արցախի տարածքում ՀՀ բանակի գոյության մասին պնդումը՝ չբացառելով, որ այնտեղ կարող են տեղակայված լինել Արցախի պաշտպանության բանակի զորամասերը։

Չնայած սրան, ադրբեջանական կողմը նշված զորամասում տևական ժամանակ տեղակայված զրահատեխնիկայի փաստը ներկայացնում է որպես «վերջին օրերին նկատվող սպառազինության կուտակում»՝ դրա հիման վրա մեղադրանք հնչեցնելով ՀՀ հասցեին, թե վերջինս սադրանք է նախապատրաստում։

Այսպիսով, Ադրբեջանն իր երկրում գործող դեսպանատների ռազմական կցորդներին մանիպուլյատիվ փաստեր է ներկայացրել, որոնց վրա հիմնվելով էլ կառուցել է ռազմական սադրանքի մեղադրանք Հայաստանի Հանրապետության հասցեին։

Նանե Մանասյան

 

Կիսվել սոց․ ցանցերում