Հոր մահից հետո Հռիփսիմեն ու իր մայրը հայտնվել են պարտքերի մեջ. բանկը դատի է տվել, հարկադիրը կարող է վերցնել իրենց միակ սենյակը, նրանց օգնություն է հարկավոր

Հռիփսիմեն բնակվում է Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում, հայրը մահացել է  2019 թվականի հունվարին։ Մահանալուց մի քանի շաբաթ առաջ «Արդշինբանկ»-ից 100.000 դրամ վարկային գումար էր վերցրել. «Դա կոչվում էր թոշակի վարկ, ամեն ամիս իր թոշակից 3.000 դրամ պահելու էին, ընդհանուր առմամբ 100.000 դրամի վրա պետք է 50.000 դրամ տոկոս ավելանար, ու ամսական 3000 դրամ իր թոշակից պետք է պահվեր, բայց որ պապաս մահացավ, ու վճարումները չարվեցին, գումարը ավելացավ։ Բանկը դատի է տվել, ու հիմա գործը հարկադիրում է, պարտքը,  ըստ հարկադիրի, դարձել է  200.000 դրամ։ Խնդրում եմ, որ ինձ օգնեք»,- ասում է Հռիփսիմեն։

Հռիփսիմեն և իր մայրը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ սրտի հետ կապված,  մեկ տան մեջ են ապրում  հոր երկրորդ ընտանիքի հետ։ Նրանց բաժին է հասել մի փոքրիկ սենյակ, որը կորցնելու վտանգի առաջ են կանգնել։ Շփում չունեն հոր մյուս ընտանիքի հետ։ Չկան կոմունալ հարմարություններ, ունեն սննդի խնդիր, իսկ քանի որ ձմեռը մոտենում է, շուտով կունենան նաև ջեռուցման խնդիր: Այս խնդիրների հետ մեկտեղ նրանք ունեն նաև բազմաթիվ պարտքեր։ Աղջիկը պատմում է, որ ոռոգման ջուր չունենալու պատճառով հայրը ծառերը ջրել է տան ծորակի ջրով, ու հոր մահից հետո մոտ 180.000 դրամի ջրի պարտք ունեն։  Նախկինում  մորաքրոջ որդին պարբերաբար գումար էր փոխանցում աղջկա մոր դեղերի ու սննդի համար, սակայն հիմա մնացել են միայնակ։

Հռիփսիմեն նախորդ տարի աշխատում էր Երևանում՝ որպես մատուցողի օգնական, բայց հիմա աշխատանք է փնտրում։ Աղջիկն ունի անքնության և հիշողության հետ կապված խնդիր, ինչը խոչընդոտում է աշխատանք գտնել. «Բայց հիմա եթե առաջին գրաֆիկով աշխատանք գտնեմ, ապա շատ ուրախ կլինեմ։ Մինչև օգոստոս  ամիսը մորաքրոջս  որդին օգնել է, բայց հիմա չի կարող»։

Աղջկա մայրը՝ տիկին Լալան,  հոր մահանալուց հետո հայտնվել էր հիվանդանոցում, որից հետո բանկ է դիմել, որպեսզի բանկը հաշվի առնի իրենց խնդիրները և սառեցնի վարկը։ Բայց, աղջկա խոսքով, բանկում մայրը չկարդալով ստորագրել է մի փաստաթուղթ, որով պարտավորվել է վճարել ամուսնու վարկը։ Հիմա շատ կաևոր է, որ Հռիփսիմեն և մայրը կարողանան մարել իրենց վարկը, որպեսզի չզրկվեն իրենց սենյակից։  Աղջիկն ասում է, որ ցանկանում է նաև աշխատանք գտնել. «Ես կարող եմ առաջին հերթափոխով աշխատել մինչև ժամը 6-ը, նույնիսկ գալ Երևան և  աշխատել»։

Հռիփսիմեին ու իր մորը օգնելու համար կարող եք գումար փոխանցել ստորև նշված հաշվեհամարին։
Բանկային քարտի հաշվեհամար՝ Inecobank 4578 8900 0068 9545,   2051 5609 4117 7001
Հռիփսիմե Գիրգորյանի հեռախոսահամարն է՝  093 18 97 21

Դավիթ Լևոնյան

Կիսվել սոց․ ցանցերում