Գրենլանդիայում սառույցի հալման արագությունն աճում է, իսկ Անտարկտիդայում՝ դանդաղում: Այս եզրակացությանն է հանգել ԱՄՆ-ի և Նիդեռլանդների գիտնականների միջազգային խումբը։ Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters գիտական ամսագրում։
Փորձագետները գնահատել են քամիների ազդեցությունը, որոնք տաք, չոր օդ են բերում սառցադաշտերի գագաթներին: Ըստ նրանց՝ օդային հոսանքների պատճառով Գրենլանդիայի սառցաշերտի կորստի տեմպերը վերջին 20 տարվա ընթացքում աճել են ավելի քան 10%-ով, մինչդեռ քամիների ազդեցությունը Անտարկտիդայի սառցաշերտի վրա նույն ժամանակահատվածում նվազել է 32%-ով։
«Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառցե թաղանթները ուսումնասիրելու համար մենք օգտագործեցինք տարածաշրջանային կլիմայական մոդելների մոդելավորում, և արդյունքները ցույց տվեցին, որ ներքևի քամիները պատասխանատու են մակերևութային սառցաշերտի զգալի հալման համար երկու տարածաշրջաններում», – ասել է հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Չարլի Զենդերը:
Գիտնականները նշել են, որ Գրենլանդիայում քամու հետևանքով մակերևութային սառույցի հալվելը սրվում է նրանով, որ հսկայական կղզին այնքան է տաքանում, որ նրա սառցադաշտերը կարող են հալվել միայն արևի լույսից՝ առանց քամիների ազդեցության: Եվ քամու հետ զուգակցված՝ ջերմաստիճանի բարձրացումն ավելացրել է Գրենլանդիայի սառույցի հալման ընդհանուր քանակը 34%-ով։
Միևնույն ժամանակ, Անտարկտիդայում 2000 թվականից ի վեր մակերևութային սառույցների ընդհանուր հալեցումը նվազել է մոտ 15%-ով։ Մեր մոլորակի Հարավային բևեռի վրայի օզոնի անցքի կրճատումն օգնել է դանդաղեցնել Անտարկտիկայի սառցադաշտերի անհետացումը:
