Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ստիան Յենսենը սխալ է անվանել իր այն հայտարարությունը, թե Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե համաձայնի տարածքի մի մասը զիջել Ռուսաստանին։
«Ես դա մեկնաբանեցի որպես Ուկրաինայի հնարավոր ապագա սցենարների ավելի լայն քննարկման մաս: Ես չպետք է այդ ֆորմատով ներկայացնեի։ Դա սխալ էր»,- բացատրել է Ջենսենը Verdens Gang թերթին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով, Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ինչ պայմաններով է պատրաստ բանակցել, և դաշինքը պետք է նրան աջակցություն ցուցաբերի:
Ավելի վաղ Յենսենը Նորվեգիայի Արենդալ քաղաքում խմբային բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե համաձայնի իր տարածքի մի մասը զիջել Ռուսաստանին։ Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս զգալի առաջընթաց կա երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցում։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Յենսենի խոսքերը, այս միտքը հետաքրքիր է անվանել։ Սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, որ վիճելի են բոլոր իբր ուկրաինական տարածքները։
«Դաշինքի մեջ մտնելու համար Կիևի իշխանությունները ստիպված կլինեն հրաժարվել նույնիսկ հենց Կիևից՝ Հին Ռուսաստանի մայրաքաղաքից»,– եզրափակել է Մեդվեդևը։