Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի համար սպասելի էր թուրք մտավորականների կոչը՝ ճեղքել Լեռնային Ղարաբաղի շրջափակումն օդային փոխադրումների միջոցով և վերջ դնել մարդկային ողբերգությանը:
«Ես ծանոթ եմ բազմաթիվ թուրք մտավորականների և գիտեմ նրանց վերաբերմունքը և՛ Էրդողանի, և՛ Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ: Թուրքիայում կայացած է քաղաքացիական հասարակությունը, մենք դա հիշում ենք դեռ Հրանտ Դինքի համար տեղի ունեցող ցույցերից, հանճարեղ գրող Օրհան Փամուքի դիրքորոշումից: Գուցե մտավորականների քանակն էր մի քիչ անսպասելի, բայց այն, որ նրանք իրենց վերաբերմունքը միշտ էլ արտահայտել են և՛ Ցեղասպանության հարցի, և՛ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ, այդքան էլ զարմանալի չէր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Բաբայանը:
Նրա խոսքով՝ ժամանակն է հասկանալու, որ մարդը ցանկացած պարագայում էլ կարող է մարդ մնալ, և մարդու մարդ լինելը չի որոշվում ո՛չ ազգությամբ, ո՛չ սեռական պատկանելությամբ և ո՛չ էլ հասարակական դիրքով:
Հարցին՝ ինչո՞ւ չկա նմանատիպ արձագանք նաև ռուս մտավորականների կողմից, վերջինս նկատում է. «Ռուսաստանը 1917 թվականին այնպիսի դաժան փորձության ենթարկվեց, որից հետո ոչ մի կերպ չի կարող ուշքի գալ. բնաջնջվեց մտավորականությունը, նրանք, ովքեր կարող էին դրսևորել իրենց քաղաքացիական դիրքորոշումը, աքսորվեցին երկրից: Այսօր շատ և շատ ռուս մտավորականներ, արվեստագետներ գտնվում են ՌԴ սահմաններից դուրս, և, ճիշտն ասած, նրանց համար կա ավելի կարևոր հարց՝ ռուս-ուկրաինական պատերազմը, և նրանք, ովքեր իսկապես մտավորական են և մտահոգված են իրենց ժողովրդի ճակատագրով, արտահայտվում են, պատերազմի համար դատապարտում ՌԴ-ին»:
Խոսելով հայ մտավորականության մասին՝ արվեստագետը նկատում է, որ մենք հաճախ փորձում ենք զուտ ազգային սահմաններ գծել մտավորականության համար:
«Մեր մտավորականները, կամ նրանք, ովքեր իրենց համարում են մտավորական, ժամանակ առ ժամանակ արտահայտվում են զուտ մեր ազգային հարցերի վերաբերյալ: Իրական մտավորականը չի կարող դրանով սահմանափակվել: Աշխարհում հաճախակի տեղի են ունենում բազմաթիվ անարդարություններ՝ ցեղասպանություններ, երկրաշարժեր, պատերազմներ, և այստեղ մենք լռում ենք: Սա է ամենամեծ ցավը, մենք պահանջներ ենք ներկայացնում ուրիշներին, բայց ինքներս մեզ նման պահանջներ չենք ներկայացնում: Եթե մենք չենք արտահայտում մեր կարծիքը, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, մեր պահանջները ռուս մտավորականների հանդեպ այդքան էլ արդարացված չեն»,- կարծում է նա:
Բաբայանի խոսքով՝ այդ թուրք մտավորականները նույն ձևով կարձագանքեին, եթե նույն վիճակում հայտնվեին, օրինակ, ղրղզները, սլովակները և այլն:
«Փաստն է կարևոր՝ շրջափակման մեջ գտնվող սովի մատնված ժողովուրդ, լկտի պահվածք Ադրբեջանի նախագահի կողմից, որին հովանավորում են մի կողմից ՌԴ-ն, մյուս կողմից՝ Թուրքիան, և դա ամբողջ աշխարհն է տեսնում: Նրանք արձագանքում են և այդ արձագանքով իրենց վրայից մեղքի բաժինը հանում»,- ասում է մշակույթի ներկայացուցիչը և հիշում մեկ այլ արվեստագետի՝ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, որը գրել է Բաքվի հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» վեպը. «Ադրբեջանում այդ մարդու վրա հարձակվեցին, զրկեցին բոլոր կոչումներից, ամբողջ ընտանիքին ազատեցին աշխատանքից, և նա ստիպված եղավ արտագաղթել երկրից, ինչպես Օրհան Փամուքը արտագաղթեց Թուրքիայից: Նրան սպառնում էին կտրել գլուխը, ականջները: Մի անգամ, երբ նրան հարցրել են, թե ինչո՞ւ է գրել այդ վեպը, պատասխանել է, որ իր ժողովրդի վրա կա այդ բիծը, և ինքը պետք է փորձեր դրանից ազատվել՝ մեղքը ընդունել: Սա շատ կարևոր է մարդու կայացման պրոցեսում, ընդհանրապես հայելու մեջ նայել և սեփական անձը վերլուծության ենթարկելը»:
Ըստ Բաբայանի՝ մտավորականն առաջին հերթին ազատ մտածող մարդն է, և եթե նրա արտահայտած մտքերը գտնվում են որոշակի՝ ազգային, սոցիալական, կուսակցական, պետական կաղապարների մեջ, նա այլևս մտավորական չէ:
«Ես կարծում եմ, որ այդ քայլը շատ ողջունելի է, բայց, իհարկե, նաև կուզենայի, որ մենք ինքներս կարողանանք արձագանքել այն ամեն, ինչ աշխարհում կատարվում է, և այդ ժամանակ մենք կունենանք ամբողջ իրավունքը՝ ասելու՝ տեսա՛ք՝ մենք արձագանքեցինք, որպես մարդ մեզ դրսևորեցինք, ինչո՞ւ դուք չարձագանքեցիք: Հիմա մենք, ցավոք, այն վիճակում ենք, երբ նման բան սպասելը միամտություն է»,- ընդգծում է Բաբայանը: