«Ադрբեջшնցիների վերադարձի» թեզը ջարդվելու է կալուգացու թիմի գլխին․ մինչև քոքը մաշվելու են

Հիշո՞ւմ եք կալուգացի օլիգարխի թիմը ինչպիսի ոգևորվածությամբ, վստահությամբ էր եթերներ դուրս գալիս ու հետհաշվարկ իրականացնում՝ մնաց այսքան օր, այնքան օր։ Ցինիկ վստահությամբ հայտարարում, թե «ժողովորդ ջան, այսքան օրից ուժեղ ղեկավարը կգա, թույլ ղեկավարը կգնա», «բան չմնաց, ժողովուրդ ջան, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը․․․» ասում էին։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որը իսկական սառը ցնցուղ էր «Ուժեղների» թիմի համար, Սամվել Կարապետյանը ստիպված եղավ կամ գուցե միամտություն ցուցաբերելով խոստովանեց, որ խաբվել, հավատացել է իրեն շրջապատող քաղաքագետների, քաղտեխնոլոգների կողմից՝ հավատալով, թե եթե մասնակցությունը բարձր լինի, ապա կրած են։

 

Եվ ահա, բարձր մասնակցությունը եղավ, բայց դրանից աճեց հիմնականում իշխանության ձայները․  2021-ի համեմատ «Քաղաքացիական պայմանագիրը» շուրջ 40 հազարով ավել քվե է ստացել։

 

Սառը ցնցուղի «դոզայի» թողնելուց հետո, կամ որ, հավանաբար, ավելի իրավացի կլինենք՝ այդ «դոզայի» տակից դուրս գալու համար, կալուգացու թիմակիցները իբր ոչինչ չի եղել դեմքով ու նույն վստահությամբ, նույն ցինիկությամբ շարունակում են առաջ մղել «ադրբեջանցիների վերադարձի» թեման։ Նարեկ Կարապետյանը իրեն հատուկ «մանկամտությամբ» ավետում է, թե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ստացել, և ահա, ուրեմն, չի կարողանա փոխել  Սահմանադրությունը։ Այստեղից էլ ուրեմն չի կարողանա Սահմանադրության նախաբանից հանել հղումը անկախության հանրաքվեին, հետևաբար չի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, հետևաբար կոնֆլիկտի էջը չի փակվի։

 

Ասել է, թե այս մարդկանց «փորացավը» ոչ թե «ադրբեջանցիների վերադարձը» կամ չվերադարձն է, այլ կոնֆլիկտի էջը փակել-չփակելը։

 

Նկատենք, որ «ադրբեջանցիների վերադարձ»-ի թեման շատ արհեստականորեն մուտք գործեց Հայաստանի քաղաքական խոսույթ հենց ընդդիմության ջանքերով և նախընտրական փուլում։ Ադրբեջանն այդ ուղղությամբ մատը մատին չի տվել։ Ընտրություններից հետո՝ հասկանալով, որ այդ թեման անգամ շոշափելով հնարավոր է ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա Ադրբեջանում խաղում են այդ խաղը՝ այդպիսով մի քանի խնդիր լուծելով իրենց համար՝ տաք պահելով ղարաբաղցիների վերադարձի թեմային հակակշռող թեմա, ձեռքի հետ էլ խաղալով Հայաստանի ներքաղաքական նյարդի վրա։

 

Վերադառնալով մեր թեմային՝ կալուգացու թիմը ժողովրդի կողմից ստացած «ապտակը» փորձում է մարսել՝ նրանց ցույց տալով, որ իրենք ճիշտ են եղել։

 

Իսկ այսպիսի թեմաներ Ադրբեջանի պասերով հայրենական ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ սնվել է, գեներացրել, առաջ մղել, գոռգոռացել, հրճվել, բայց վերջում գլխով հարվածել պատին։ Նույն սցենարը կրկնում է  «Ուժեղ Հայաստանը»։ 2021-ին,  դրանից առաջ ու դրանից հետո էլ «Հայաստան» դաշինքն էր անկլավները փրկում, հետո Սյունիքը, հետո միջանցքը։ Հիմա էլ իշխանությունը հայտարարում է, որ «ադրբեջանցիների վերադարձի» հարց չկա ու չի կարող լինել, ինչպես չկար, օրինակ, միջանցքի հարց։ Քոչարյանի ղեկավարած դաշինքը առաջ տարավ այս թեմաները ու 2026-ին ֆիասկոյի ենթարկվեց։ Մարդիկ տեսան, որ նրանց ողբասացություններից որևէ մեկը չիրականացավ, Հայաստանը չկործանվեց, Սևանը Գյոյչա չդարձավ, միջանցքը չհանձնվեց և այլն։ Հայաստանի քաղաքացին, չնայած արտազատվող թույնի քանակին՝ իմունիտետ է ձեռք բերել։ Կալուգացու թիմի ու եռագլխի մյուս գլուխների արտազատած «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, չնայած ծախսվող ահռելի ռեսուրսներին ու էներգիային, տեղ չի գտնում քաղաքացիների մտքերում և վերջում, վստահաբար, ջարդվելու է հենց և առաջին հերթին կալուգացու թիմի գլխին։ Մինչև քոքը մաշվելու են։

 

Կիսվել սոց․ ցանցերում