Նիկոլ Վովայի Փաշինյան, Ականջիս շշուկներ են հասնում, որ քո ծնած թիմը՝ ՔՊ-ն, պատրաստվում է Մասիսի ընտրությունները վիժեցնել և տեղափոխել 2027 թվական, որպեսզի ՔՊ-ից ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն, հետո նոր գնան ընտրության՝ հաղթանակի ավելի մեծ շանս ունենալու համար

Նիկոլ Վովայի Փաշինյան,
Ականջիս շշուկներ են հասնում, որ քո ծնած թիմը՝ ՔՊ-ն, պատրաստվում է Մասիսի ընտրությունները վիժեցնել և տեղափոխել 2027 թվական, որպեսզի ՔՊ-ից ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն, հետո նոր գնան ընտրության՝ հաղթանակի ավելի մեծ շանս ունենալու համար։
Ես չեմ ուզում հավատալ, որ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
Որովհետև կարծում եմ՝ դու նույնը մնացել ես՝ ժողովրդավարության կողմնակից, այլ ոչ թե իշխանական լծակներ օգտագործող և ոչ ազնիվ պայքարի գնացող քաղաքական գործիչ։
Ես գիտեմ, որ դու միշտ խոսել ես ժողովրդավարության, ժողովրդի ընտրության և ժողովրդի ձայնը լսելի լինելու մասին։
Ուստի քեզ ասում եմ՝ քեզ զեկուցողներին սանձիր, որպեսզի չշեղվեն այն քաղաքական ճարտարապետությունից, որի մասին դու ինքդ ես խոսել և որը դու ես կերտել։
Եթե քո թիմում կան մարդիկ, որոնք Դավիթ Համբարձումյանից վախենում են և դրա համար չեն ցանկանում գնալ արդար ու հավասար ընտրության, ապա դա արդեն միայն Մասիսի խնդիրը չէ։
Դա դառնում է քո իշխանության և ՔՊ-ի ժողովրդավարական արժեքների խնդիր։
Նիկոլ, մի բան շատ լավ հասկացիր։
ՏԻՄ ընտրություններում ժողովուրդը պարտավոր չէ նայել՝ տվյալ մարդը ՔՊ-ի՞ց է, ընդդիմադի՞ր է, թե՞ որևէ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ։
ՏԻՄ ընտրությունը պետք է լինի անձի, աշխատանքի, վստահության և համայնքի ապագայի ընտրություն։
Մասիսի ժողովուրդը պետք է ընտրի նրան, ում վստահում է։
Եթե ժողովուրդը ցանկանում է Դավիթ Համբարձումյանին՝ թող ընտրի Դավիթ Համբարձումյանին։
Եթե չի ցանկանում՝ թող ընտրի մեկ ուրիշին։
Բայց թող ժողովուրդը որոշի։
Ոչ թե կուսակցական գրասենյակը։
Ոչ թե վարչական լծակը։
Ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով ստեղծված ընտրական առավելությունը։
Եվ այստեղ ես քեզ մի շատ պարզ բան եմ ասում.
Եթե ՔՊ-ն իսկապես ժողովրդավարական ուժ է, ապա չպետք է վախենա ազատ ընտրությունից։
Դավիթ Համբարձումյանին կարող ես չսիրել քաղաքական առումով, կարող ես նրա հետ չունենալ նույն քաղաքական հայացքները, բայց եթե Մասիսի ժողովուրդը նրան է վստահում, ապա այդ վստահությունը պետք է հարգվի։
Քաղաքականությունը հենց սա է՝ ընդունել ժողովրդի որոշումը նույնիսկ այն ժամանակ, երբ այն քեզ ձեռնտու չէ։
Ես միշտ պայքարել եմ կոռուպցիոն, քրեաօլիգարխիկ երևույթների դեմ՝ ԴԵՄ ԵՄ եղել և շարունակում եմ մնալ։
Բայց ես մարդկանց միայն կուսակցական պիտակով չեմ գնահատում։
Այս կոնկրետ իրավիճակում ես Դավիթ Համբարձումյանին գնահատում եմ անձով պայմանավորված և, եթե ընտրության ճանապարհին նրա նկատմամբ լինեն անարդար կամ վարչական խոչընդոտներ, ես լինելու եմ ազնիվ պայքարի կողմում և աջակցելու եմ Դավիթ Համբարձումյանին։
Որովհետև այստեղ հարցը արդեն միայն Դավիթ Համբարձումյանը չէ։
Հարցը սկզբունքն է։
Հարցն այն է՝ Մասիսի ժողովուրդն ազատ կընտրի՞ իր համայնքի ղեկավարին, թե՞ ինչ-որ մեկը նախապես որոշելու է, թե ում պետք է հաղթեցնել։
Նիկոլ, մտածիր ասածներիս շուրջ։
Սա լավ բանի չի բերելու ՔՊ-ին։
ՔՊ-ին այսօր շատերը հենց քեզանով են ճանաչում։ Եվ եթե քո թիմի գործողությունների հետևանքով հասարակության մոտ հարցականի տակ դրվի քո իշխանության ժողովրդավարական վարքագիծը, այդ քաղաքական գինը վճարելու է ոչ միայն Մասիսի ՔՊ-ի թիմը։
Այդ գինը վճարելու ես նաև դու։
Դու տարիներ շարունակ խոսել ես այն մասին, որ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի։
Ուրեմն հիմա լսիր այդ ձայնը։
Թող Մասիսի ժողովուրդը խոսի։
Մի՛ խանգարիր։
Մի՛ ուղղորդիր։
Մի՛ պարտադրիր։
Մի՛ փորձիր վարչական ճանապարհով փոխել այն, ինչ ժողովուրդը կարող է որոշել քվեատուփի միջոցով։
Եթե Դավիթ Համբարձումյանը պարտվի ազատ ու արդար ընտրություններում՝ թող պարտվի։
Եթե հաղթի՝ թող հաղթի։
Բայց հաղթողին որոշողը պետք է լինի Մասիսի ժողովուրդը։
Դու շատ լավ գիտես, որ ես քեզ հենց այնպես բան չեմ ասում։
Ես կարող եմ շատ հարցերում քեզ քննադատել, կարող եմ շատ հարցերում չհամաձայնել քո քաղաքականության հետ, բայց եթե այսօր խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա ես նույն չափանիշը պետք է պահանջեմ բոլորից՝ թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, թե՛ ինձանից։
Մասիսը որևէ քաղաքական ուժի սեփականությունը չէ։
Մասիսը Մասիսի ժողովրդինն է։
Եվ եթե քո թիմը Մասիսում գաղափարներից շեղվում է, ապա դու՝ որպես ՔՊ-ի քաղաքական առաջնորդ, պարտավոր ես դա տեսնել և կանգնեցնել։
Դավիթին կուսակցական պիտակով մի՛ նայիր։ Անձով նայիր։
Վստահիր իմ ասածին՝ Մասիսի ժողովուրդը Դավիթին սիրում է։
Եթե այդ վստահությունը կա, ապա դրա պատասխանը պետք է լինի ոչ թե խոչընդոտը, այլ ազատ ընտրությունը։
Թող Մասիսը որոշի։
Իսկ դու ցույց տուր, որ ժողովրդավարության մասին խոսքը միայն ամբիոնից ասված խոսք չէ։
Ցույց տուր դա հենց Մասիսում։
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական Շարժում
Վանիկ Նիկոյան
Կիսվել սոց․ ցանցերում