Հրաժարականին ԴԵՄ ԵՆ ժողովուրդը և այդ փաստին պետք է առերեսվենք ներկա իրողությունում ես կարծում եմ, որ իմ տեղը կարող է լինել ընդդիմության դաշտում։
ԻՇՄԱՐԸ ՀԱՍԿԱՑԱ։ ՀԻՄԱ ԻՄ ՔԱՅԼԸ ԿԱՍԵՄ։
Իմ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, օրինական ու սահմանադրական փոխանցման պահանջից հետո վարչապետը հրապարակային խոսքում անդրադարձավ այդ հարցին։
Ասվեց՝ եթե ինքը հրաժարական տա, գործող խորհրդարանական ընդդիմությունը կարող է տուժել, իսկ ինքը կրկին կընտրվի։
Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ իրենք սպասում են «նորմալ ընդդիմության»։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կցանկանար, որ խորհրդարան անցնեին նաև մի քանի փոքր ընդդիմադիր ուժեր։
Լսեցի։ Հասկացա։
Եվ հիմա պետք է նաև ես առերեսվեմ մի փաստի հետ։
Իմ հրաժարականի պահանջի հրապարակումից հետո ես փորձեցի հասկանալ ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հանրության արձագանքը։
Այդ գրառումը մոտ 500 հազար դիտում ունեցավ։
Եվ իմ այս դիտարկմամբ՝ հանրության զգալի հատվածը այս պահին չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս փաստը ես չեմ կարող անտեսել։
Ես կարող եմ ունենալ իմ քաղաքական դիրքորոշումը, բայց չեմ կարող ձևացնել, թե ժողովրդի ձայնը գոյություն չունի։
Հետևաբար՝ ներկա պայմաններում ես կարծում եմ, որ իմ տեղը կարող է լինել ընդդիմության դաշտում։
Բայց ոչ այն ընդդիմության, որը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնը վերածել է անվերջ քաղաքական պատերազմի։
Ոչ այն ընդդիմության, որի նպատակը միայն իշխանությանը քննադատելն է։
Եվ ոչ էլ այն ընդդիմության, որը Հայաստանի քաղաքացին հիշում է որպես անցյալի քաղաքական համակարգի շարունակություն։
Ես ուզում եմ լինել ժողովրդի ձայնը ԱԺ-ում։
Քաղաքացին մեզ տարիներ շարունակ խնդիրներ է փոխանցել։
Մենք այդ խնդիրները բարձրաձայնել ենք։
Պետական մարմինների հետ աշխատել ենք։
Եվ այս չորս տարիների ընթացքում հազարավոր քաղաքացիների դիմումների հիման վրա բազմաթիվ հարցեր ենք հասցրել պետական կառույցներ։
Դրանցից շատերը ստացել են լուծում։
Այսինքն՝ մենք արդեն ունենք մի բան, որը շատ քաղաքական ուժեր չունեն՝ քաղաքացու հետ տարիների իրական աշխատանք։
Հետևաբար ես ասում եմ՝
Արժանապատիվ պարոն Նիկոլ Փաշինյան,
եթե հրաժարականը և նոր ընտրությունները այն ճանապարհն են, որի միջոցով կարող է ձևավորվել նոր խորհրդարան, ապա տվեք այդ հնարավորությունը։
Գանք ԱԺ։
Գանք ընդդիմություն։
Նստենք մեր տեղերում։
Քննադատենք այնտեղ, որտեղ պետք է քննադատել։
Աջակցենք այնտեղ, որտեղ պետական շահը պահանջում է աջակցել։
Եվ ամենակարևորը՝ ժողովրդի խնդիրները միասին լուծենք։
Որովհետև ընդդիմությունը պետք է ոչ միայն խոսի ժողովրդի խնդիրների մասին։
Ընդդիմությունը պետք է նաև լուծումների մաս դառնա։
Թե չէ ԱԺ ամբիոնը սարքել են Կալուգացու ցիրկ և Քոչարյանի փաստաբանական գրասենյակ։
Մի բան էլ՝ մասնակցության գումարային շեմն էլ իջեցրեք, որ գրավը կարողանանք վճարել։ 
Բայց այստեղ ևս մեկ կարևոր հարց կա։
Եթե Դուք հրաժարականի տարբերակը չեք ընդունում, ապա գոնե մի իշմար տվեք, թե ինչ ճանապարհ եք տեսնում նոր քաղաքական ուժերի համար։
Որովհետև Ձեր իսկ խոսքում հնչեց, որ ցանկանում եք տեսնել նաև մի քանի փոքր ընդդիմադիր ուժ խորհրդարանում։
Մենք լսեցինք այդ խոսքը։
Եվ հիմա պատրաստ ենք ցույց տալ, թե ինչպիսի ընդդիմություն կարող է լինել։
Ոչ թե իշխանության թշնամի։
Այլ՝ պետության վերահսկող գործընկեր։
Ոչ թե ամեն ինչին «ոչ» ասող։
Այլ՝ խնդիր բարձրացնող և լուծում պահանջող։
Ոչ թե նախկինների վերադարձ։
Այլ՝ նոր քաղաքական ուժ։
Ու մի բան էլ՝ մեր չորս տարվա աշխատանքը Ձեր աշխատակազմի հետ արդեն ցույց է տվել, որ համագործակցությունը հնարավոր է։
Հազարավոր քաղաքացիների կողմից մեզ ներկայացված խնդիրները փոխանցվել են Ձեր աշխատակազմին, բարձրաձայնվել և դրանցից շատերը ստացել են լուծում։
Այսինքն՝ մենք արդեն չորս տարվա փորձ ունենք պետական համակարգի հետ աշխատելու։
Ուրեմն ինչո՞ւ դա չանել նաև Ազգային ժողովում։
Գանք։
Նորմալ աշխատենք։
Դուք՝ իշխանություն։
Մենք՝ ընդդիմություն։
Բայց բոլորս՝ Հայաստանի Հանրապետության համար։
Վերջում մի փոքրիկ խնդրանք։
Ինչպես կասեին Կալուգացու թիմակիցները՝
մի իշմար տվեք, որ իմանանք՝ գրությունը կարդացել եք։
Հ.Գ.
Իսկ եթե հրաժարականից բացի կա այլ սահմանադրական և քաղաքական ճանապարհ, որով հնարավոր է նոր քաղաքական ուժերի մուտքը խորհրդարան և քաղաքական դաշտի իրական թարմացումը՝ ես պատրաստ եմ դա նույնպես լսել։
Հասարակության մեջ կա նաև պահանջ՝ գործող ընդդիմադիր ուժերի քաղաքական պատասխանատվության, վերափոխման կամ քաղաքական դաշտից հեռանալու վերաբերյալ, այդ հարցն էլ պետք է քննարկվի օրինական, ժողովրդավարական և սահմանադրական ճանապարհով։
Հ․Գ․Գ
«Դուք՝ իշխանություն։ Մենք՝ ընդդիմություն։ Բայց բոլորս՝ Հայաստանի Հանրապետության համար»։
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
