Վանիկ Նիկոյանը քաղաքացիներից ստացված տեղեկությունների հիման վրա պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, արժանապատիվ տիկին Լիլիթ Մակունցին՝ բարձրաձայնելով առցանց շահումով խաղերի հարթակի, նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության հարցը։
Ուսումնասիրված դեպքերից մեկում քաղաքացին շուրջ 50 օրվա ընթացքում խաղային հաշվին մուտքագրել է մոտ 250 հազար ՀՀ դրամ՝ առանց որևէ ելքագրման։
Սակայն խնդիրը միայն գումարի կորուստը չէ։
Գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք առցանց շահումով խաղերի կազմակերպիչները պարտավոր են ժամանակին հայտնաբերել խաղացողների հնարավոր ռիսկային վարքագիծը, և որքանո՞վ են արդյունավետ գործում պետական վերահսկողության մեխանիզմները։
Վանիկ Նիկոյանի պաշտոնական գրությունով առաջարկվել էր իրավասու պետական մարմիններին ուսումնասիրել խաղային հաշվի մուտքերի և ելքերի պատմությունը, խաղային ակտիվությունը, ռիսկերի գնահատման և խաղացողի պաշտպանության մեխանիզմների կիրառումը։
Ընդգծենք, որ խոսքը որևէ խաղի արդյունքը վիճարկելու կամ ֆինանսական կորուստը փոխհատուցելու պահանջի մասին չէ։ Նպատակը պարզելն է՝ արդյո՞ք գործող վերահսկողական համակարգը բավարար չափով պաշտպանում է քաղաքացիների շահերը։
Միաժամանակ ողջունելի են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից խաղային ոլորտի վերահսկողության, ռիսկերի կառավարման և օրենսդրական կարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ակնկալում ենք, որ ՊԵԿ-ը՝ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ, առավել խիստ ուշադրություն կդարձնի նաև բարձրաձայնված խնդրին՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով համակողմանի ուսումնասիրություն և համապատասխան միջոցների ձեռնարկում։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, արժանապատիվ տիկին Լիլիթ Մակունցին, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Էդուարդ Հակոբյանին՝ պետական կառավարման և վերահսկողության համակարգում իրականացվող աշխատանքի համար։
Վստահ ենք, որ պետություն–հասարակություն արդյունավետ համագործակցությունը կարող է նպաստել նման խնդիրների բացահայտմանը, կանխարգելմանը և քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։
Մեր նպատակը որևէ կազմակերպության դեմ պայքարը չէ, այլ օրենքի գերակայությունը, արդար վերահսկողությունը և քաղաքացու պաշտպանությունը։
«Ժողովրդի ձայնը լսելի է» նախաձեռնությունը շարունակելու է հետևողական լինել բարձրաձայնված հարցերի նկատմամբ և հանրությանը տեղեկացնել պետական մարմիններից ստացված պաշտոնական պարզաբանումների ու ուսումնասիրությունների արդյունքների մասին։
ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ՊԵՏՔ Է ԼՍԵԼԻ ԼԻՆԻ։
ՆՈՐ ԲԱՐՔԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ։
Վանիկ Նիկոյան
