Սուրեն Պապիկյան,
Մենք ապրում ենք մի փուլում, երբ խաղաղությունը դեռ նորածին երեխայի պես է։
Այն դեռ պետք է ամրապնդել, պաշտպանել, պահել և ամենակարևորը՝ չստեղծել այնպիսի տպավորություն, որ խաղաղության գործընթացի կողքին Հայաստանը պատրաստվում է ինչ-որ ռևանշի։
Վերջին շրջանում հետևում եմ Ձեր և ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակումներին։
Սահմանային դիրքեր, խրամատներ, ամրաշինական աշխատանքներ, նոր ռազմական տեխնիկա, ԱԹՍ-ների զորավարժություններ, հրետանային զորավարժություններ, հետախույզների պատրաստություն, հրաձիգների վարժանքներ․ այս ամենը ՊՆ-ի պաշտոնական հարթակներում բավական ակտիվորեն ներկայացվում է հանրությանը։
Ես մի բան սկզբից հստակ ասեմ․ ես դեմ չեմ Հայաստանի բանակի հզորացմանը։ Հակառակը՝ Հայաստանը պարտավոր է ունենալ հզոր, ժամանակակից և մարտունակ բանակ։
Բայց այսօր հարցն այլ տեղում է։
Հարցն այն է, թե մենք մեր բանակի հզորացումը ինչպես ենք ներկայացնում աշխարհին։
Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Այնտեղ արդեն իսկ փորձ է արվում Հայաստանի բանակի վերազինումը, զորավարժությունները, սահմանային ամրաշինությունը և ռազմական պատրաստությունը ներկայացնել որպես Հայաստանի կողմից հնարավոր «ռևանշիստական քայլերի» նախապատրաստում։
Հիմա պատկերացնենք՝ ինչ է տեսնում երրորդ կողմը։
Մի կողմից՝ Հայաստանը խոսում է խաղաղության, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, կայունության և երկարաժամկետ խաղաղության մասին։
Մյուս կողմից՝ միջազգային տեղեկատվական տարածքում անընդհատ հայտնվում են Հայաստանի սահմանային դիրքերի, խրամատների, ռազմական տեխնիկայի, հրետանու, ԱԹՍ-ների, հետախույզների և հրաձիգների զորավարժությունների տեսանյութեր։
Այդ երկու պատկերները կարող են իրար հակասող ընկալում ստեղծել։
Եվ այստեղ ես ուզում եմ Ձեզ հարց տալ՝ որպես պաշտպանության նախարարի.
Մենք միայն բանա՞կն ենք ցուցադրում, թէ՞ նաև խաղաղության մասին ենք հաղորդակցում աշխարհին։
Որովհետև այսօր յուրաքանչյուր տեսանյութ միայն Հայաստանի քաղաքացիները չեն դիտում։
Դրանք դիտում են նաև Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այն երկրներում, որոնց համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կայացումը կարևոր տարածաշրջանային հարց է։
Ուստի ես կարծում եմ՝ այս փուլում ՊՆ-ի տեղեկատվական քաղաքականությունը պետք է ունենա ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական հաշվարկ։
Բանակը պետք է պատրաստվի։
Զինծառայողը պետք է պատրաստ լինի։
Նոր տեխնիկան պետք է ձեռք բերվի։
ԱԹՍ-ները պետք է զարգանան։
Հրետանին պետք է պատրաստ լինի։
Հետախույզը պետք է պրոֆեսիոնալ լինի։
Այս ամենը պետության պարտականությունն է։
Բայց պարտադիր չէ, որ այդ ամենի յուրաքանչյուր դրվագը ներկայացվի այնպես, որ արտաքին աշխարհում ստեղծվի «Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի» տպավորություն։
Մենք չպետք է մեր հզորությունը թաքցնենք։
Բայց պատրաստված լինելը և ուժը ցուցադրելու քաղաքականությունը նույն բանը չեն։
Այսօր, երբ խաղաղության գործընթացը դեռ փխրուն է, ես կուզեի տեսնել նաև ՊՆ-ի հրապարակումներում ավելի շատ այն ուղերձը, որ Հայաստանի ստեղծած բանակի գլխավոր նպատակը Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդի անվտանգության ապահովումն է, ոչ թե որևէ մեկի դեմ պատերազմ պատրաստելը։
Սուրեն Պապիկյան,
Ես չեմ ասում՝ դադարեցրեք զորավարժությունները։
Ես չեմ ասում՝ չցուցադրել բանակը։
Ես չեմ ասում՝ չվերազինել Հայաստանը։
Ես ասում եմ՝ զգույշ եղեք ուղերձի հետ։
Որովհետև այսօր Ադրբեջանը պատրաստ է ցանկացած նման տեսանյութ վերցնել, կտրել, վերնագրել և աշխարհին ասել (ինչպես եղել է նախկինում)․
«Տեսե՛ք, Հայաստանը պատրաստվում է ռևանշի»։
Եվ եթե մենք գիտենք, որ այդ նյութերը կարող են այդպես օգտագործվել, ապա պետական քարոզչության ժամանակ պետք է հաշվի առնենք նաև այդ հանգամանքը։
Հայաստանին այսօր պետք է մարտունակ բանակ և հնարամիտ դիվանագիտություն։
Մեզ պետք է բանակ, որը պատերազմի դեպքում կարող է պաշտպանել երկիրը։
Բայց մեզ պետք է նաև պետական քարոզչություն (ոչ միայն ԱԳՆ մակարդակով, այլ նաև ձեր ղեկավարած գերատեսչության շրջանակներում), որը խաղաղության ժամանակ կարող է աշխարհին համոզել, որ այդ բանակը ստեղծվում է խաղաղությունը պահպանելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։
Խաղաղությունը դեռ նորածին երեխայի պես է։
Եկե՛ք չսպասենք, որ ուրիշները մեզ մեղադրեն այն խաթարելու մեջ, որպեսզի հետո սկսենք բացատրել, որ մենք նման նպատակ չենք ունեցել։
Իմ հորդորն է Ձեզ՝ չթուլացնել բանակաշինությունը, բայց վերանայել դրա հանրային ներկայացման չափը, հաճախականությունը և շեշտադրումները՝ հաշվի առնելով ոչ միայն ներքին լսարանը, այլև միջազգային դիվանագիտական ընկալումը։
Որովհետև այսօր Հայաստանի յուրաքանչյուր ռազմական տեսանյութ կարող է ունենալ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և դիվանագիտական հետևանք։
Եվ ես կարծում եմ՝ այս փուլում մենք պետք է աշխարհին ցույց տանք ոչ միայն, թե որքան մարտունակ է դառնում Հայաստանի բանակը, այլ նաև՝ ինչի համար է այդ մարտունակությունը ստեղծվում։
Բանակ՝ խաղաղությունը պաշտպանելու համար։
Պետություն՝ նոր պատերազմ չսկսելու համար։
Հայաստան՝ իր հեռանկարը խաղաղությամբ կառուցելու համար։
Վանիկ Նիկոյան
