Գուրգեն Արսենյանն անդրադարձավ իրեն ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակելու լուրերին

«Դուք հիմա իրականացնում եք հարցախույզ՝ մերժե՞լ են, թե՞ չէ: Այսինքն՝ առանց Արսենյանին հարցնելո՞ւ, առանց առաջարկ անելո՞ւ վերցրել են Արսենյանի անունով ագրեման են ուղարկել»:

Այս մասին ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն առաջարկ արվել է ՌԴ-ում նշանակվել ՀՀ դեսպան:

«Փորձեք ճշտել ընթացակարգերը ՀՀ-ում, ընթացակարգերը հետևյալն են, որպեսզի որևէ մեկին որևէ պոստի առաջարկ անեն, այդ մարդն անցնում է հայկական ընթացակարգերով: Ո՞նց եք պատկերացում, առանց առաջարկ անելու ինձնից գաղտնի ընթացակարգեր են իրականացվել, հետո ուղարկել են ՌԴ-ին իմ թեկնածությունը»,- ասաց Արսենյանը:

Հարցին՝ իրեն նման առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց. «Ոնց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերը գտնվում են ՌԴ-ում: Մինչև էդ պարզ չէր, այսինքն՝ ինձ առաջարկ չէին արել, իմ փաստաթղթերն ուղարկել էին ՌԴ: Ապատեղեկատվությունը մերժելու մասին ինֆորմացիան է»:

Հարցին, թե արդյոք դիտե՞լ է ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող հակահայկական հաղորդումները և ի՞նչ կարծիքի է, Արսենյանը արձագանքեց. «Այո դիտել եմ և այն կրածիքին եմ, որ մենք առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոս ավելացրինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը: Այդ կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: Ես այն կարծիքին եմ, որ խոսքի ազատությունը խոսքի ազատություն է, եթերազրկման այդ պրոցեսը կարող է տևել անվերջ, էս եթերազրկենք, հետո էս եթերազրկենք, հետո ձեզ եթերազրկենք…»:

Արսենյանը նկատեց, որ հաղորդումը դիտելիս իր մոտ զգացմունքները միանշանակ չեն եղել:

«Շոու բառն էլ չի բնութագրում դա, իրենք երդվյալ ատենակալների մոդել էին ընտրել, որ դատարանում նստում են, ու ամեն մեկը իր կարծիքն է ասում մեղադրյալի վերաբերյալ, հետո ՀՀ-ից ցուցմունք տվողներ գնացին, հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ, որոնք որոշեցին, որ պետք է գնան ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն: Չերնոմիրդինը՝ ՌԴ նախկին վարչապետը հանգուցյալ, ուներ մի հատ հետաքրքիր արտահայտություն, ասում էր «Хотели как лучше, а получилось как всегда», սա դրան էր նման»,- նշեց Արսենյանը:

Կիսվել սոց․ ցանցերում