«Հերթական սուտ լուրն է. «Ժողովուրդ» օրաթերթից ինձ հարցրին, ու ես ասացի որ նման խոսակցություն չի եղել, բայց կրկին շարունակում են այդ լուրերը տարածվել»,- լրաագրողների հետ ճեպազրույցում նշեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքը դառնալու է մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետը։
Վարդանյանը նշեց, որ իրեն նման առաջարկ չի եղել. «Ոչ միայն առաջարկ չի եղել, այլև թիմի ներսում նման խոսակցություն չի եղել, ու մինչ այսօր ինձ համար էլ պարզ չէ, թե ինչու է իմ անունը շոշափվում այդ խոսակցության մեջ»։
Վարդանյանը անդրադարձավ հարցին, թե արդյոք ինքը 3 բնակարան ունի՞ Երևանում. «Ես մեկ բնակարան ունեմ, որը նվիրատվություն են արել ինձ։ Աբովյան 29 հասցեի բնակարանը 1915 թվականի գաղթի տարիներին ձեռք է բերել տատիկս ու նվիրատվություն է արել ինձ»։
Հարցին, թե ինչպես է ավագանու անդամը վերաբերվում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանին, որն այսօր չէր ներկայացել նիստին, Վարդանյանը ասաց. «Ես՝ որպես երևանցի, ոչ որպես ավագանու անդամ, այդ քայլը գնահատում եմ սխալ իր ընտրողների հանդեպ»։
