«Մանկական աշխարհ» հանրախանութի շենքը մասնավորեցրել է Արա Աբրահամյանին պատկանող ընկերությունը. «Սոգլասիե Արմենիա»-ի հայաստանյան մասնաճյուղի սեփականատերերը ոստիկանության և ԱԳ նախարարության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ են

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը, որում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Երևանի Կենտրոն համայնքին նվիրաբերված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի շենքը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն թաղային համայնքի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքված ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել է:

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

«Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի իրական սեփականատեր են հանդիսանում Հրաչյա Սարգսյանը, Վարդան Թունյանը և Ավետ Ադոնցը։ Վարդան Թունյանը ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետն է։ Նա այժմ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և վերջինիս տեղակալ Լևոն Երանոսյանի հետ միասին մեղադրյալի կարգավիճակ ունի մեկ այլ քրեական գործով։
Ավետ Ադոնցը նախկին դեսպան է, ինչպես նաև 2019-2021 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2021-ին հեռացել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Սոգլասիե-Արմենիա»-ի միակ մասնակիցը «Սոգլասիե» ՓԲԸ-ն է, որը գրանցված է Մոսկվայում ու պատկանում է Արա Աբրահամյանին։ «Սոգլասիե-Արմենիա»-ում  բաժնեմաս է ունեցել նաև Աբրահամյանի եղբայրը՝ Սերյոժա Աբրահամյանը, որը 2003-2007 թթ. եղել է անկուսակցական պատգամավոր, իսկ 2007-ին պատգամավոր է դարձել ՕԵԿ-ից:

Ի դեպ, «Սոգլասիե-Արմենիա»-ն պետական գրանցում է ստացել 2001 թվականի օգոստոսի 31-ին՝ Արամի 32 շենքի մասնավորեցումից օրեր առաջ։

Հանրախանութի՝ Երևանի կենտրոնում գտնվող շենքը այժմ դատարկ է, այնտեղ որևէ գործունեություն չի իրականացվում։

Վովա Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում