Apple-ը որոշել է ավելի քիչ iPhone 15 արտադրել․ ի՞նչն է պատճառը

iPhone 15-ի շնորհանդեսին ընդառաջ Apple-ը որոշել է կրճատել 2023-ի նոր սմարթֆոնների արտադրության պլանը։ Այս մասին հայտնում է 9To5Mac-ը՝ վկայակոչելով Haitong International Securities-ի վերլուծաբան Ջեֆ Պուին։

Apple-ն ի սկզբանե նախատեսում էր 2023-ին թողարկել 83 միլիոն iPhone 15, սակայն ավելի ուշ որոշել է սահմանափակվել 77 միլիոն միավորով: Այս փոփոխության մասին, ըստ Պուի, վերջերս Apple-ը տեղեկացրել է իր ներդրողներին։

Haitong International Securities-ի վերլուծաբանը կարծում է, որ արտադրության պլանի նվազեցման երկու պատճառ կա։ Առաջինը նոր iPhone-ի բաղադրիչների մատակարարման հետ կապված խնդիրներն են։ Մասնավորապես, Apple-ը չի կարողանում բավարար քանակով նոր ֆոտոսենսորներ ստանալ Sony-ից։ Բացի դրանից, ընկերությունը նույն խնդրին է բախվում տիտանե շրջանակների և ավելի բարակ շրջանակներով էկրանների հարցում։

Երկրորդ պատճառը թանկարժեք սմարթֆոնների պահանջարկի նվազումն է։ Պուն, առանց մանրամասներ ներկայացնելու, ասել է, որ Apple-ը ճշգրտել է իր ծրագրերը «պահանջարկի որոշակի խնդիրների» պատճառով։

iPhone 15-ի անոնսը սպասվում է 2023-ի սեպտեմբերին։ Սարքերի թողարկումը կարող է տեղի ունենալ նույն ամսվա վերջին կամ հոկտեմբերի սկզբին։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Foxconn-ն արդեն սկսել է iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում և սմարթֆոնը պաշտոնապես կհայտարարվի շատ շուտով։ Ուշագրավ է որ հնդկական գործարանը սմարթֆոնների մատակարարումը կսկսի Չինաստանում արտադրությունը սկսելուց ընդամենը մի քանի շաբաթ անց։ iPhone-ի նախորդ մոդելների թողարկման ժամանակ Հնդկաստանում արտադրությունն սկսվում էր Չինաստանից 6-9 ամիս հետո։

Կիսվել սոց․ ցանցերում