Երեխաներին մեծահասակների համար նախատեսված ջերմիջեցնողներով բուժելը կարող է շատ վտանգավոր լինել։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ալերգոլոգ-իմունաբան Օլգա Գրոմադինան՝ բացատրելով, թե ինչով է դա պայմանավորված։
Մասնագետը հիշեցրել է, որ բժիշկները խորհուրդ են տալիս երեխաների համար որպես ջերմիջեցնող կիրառել բացառապես պարացետամոլի կամ իբուպրոֆենի հիմքով դեղամիջոցները, սակայն երբեմն ծնողները կիրառում են ջերմիջեցման ոչ դեղորայքային մեթոդներ կամ նույնիսկ բավական վտանգավոր դեղամիջոցներ, որոնք ներկայում չեն կիրառվում մանկաբուժության մեջ կամ նույնիսկ արգելված են։ Նման դեղամիջոցների շարքին են դասվում ասպիրինն ու անալգինը, որոնք շատ տարածված դեղամիջոցներ են։
Ինչպես նախազգուշացրել է Գրոմադինան, ասպիրինը և անալգինը կարող են լուրջ բարդություններ առաջացնել և ազդել երեխայի օրգանիզմի տարբեր գործառույթների ու համակարգերի վրա։ Մասնագետի խոսքով՝ դրանք խիստ անցանկալի են օգտագործման համար, հատկապես, եթե կիրառվում են առանց բժշկական հսկողության։
