Մինչ Հայաստանը կվավերացներ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը, Մոսկվան այն շրջանցելու առաջարկություն էր ներկայացրել Երևանին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում՝ արված Lenta.ru-ի հարցմանը։
Հարցումը վերաբերում էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը։ Նրա խոսքով, Հռոմի ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս շրջանցել կանոնադրության պահանջները, սակայն, պատասխան չի ստացել։
«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։ Նրանք հայտնել են, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։
«Երկկողմ խորհրդակցությունների ժամանակ ռուսական կողմը ի պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով՝ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու։ Նման պրակտիկա կա. Ցավոք, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվեցին»,-այսպես է նշված ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանում:
ԱԳՆ-ն նաև դժգոհել է, թե Երևանը «զուտ քաղաքական նկատառումներով» է որոշել վավերացնել ստատուտը։
«Եթե Երևանը շարունակում է շահագրգռված մնալ իր իսկ ձեռքով ստեղծված խնդիրների լուծման մեջ, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»,- իր պատասխանում հավելել է գերատեսչությունը։
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Ռուսականկողմը պնդում է, որ այսպիսով, այաստանը ստիպված կլինի կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ձերբակալելու» ՄՔ դատարանի որոշումը։
Երևանը քանիցս հայտարարել է, որ վավերացումը կապ չունի Ռուսաստանի ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ուստի առաջարկել է երկկողմ համաձայնագիր կնքել Մոսկվայի հետ այդ հարցով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հայկական կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո նման համաձայնագրի կնքման գաղափարը չի կարելի լուրջ ընդունել։
Հայաստանն էլ, ի պատասխան, բազմաթիվ անգամներ նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ադրբեջանական ռեժիմի գործողությունների սանձման տեսանկյունից է ՀՀ-ի համար կարևոր:
