Ծագած խնդիրների լուծման ուղիները որոշելու համար անչափ կարևոր է բուն խնդրի ճշգրիտ որոշումը: Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականություններըն չկատարելու հետևանքն է:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը:
«Արցախցին չպետք է մտածի դեղը կամ մանկական կաթնախառնուրդը կամ սնունդը ԿԽՄԿ միջոցով ստանալու մասին, արցախցին ինչու՞ պիտի հումանիտար խնդիր ունենա, որ քննարկվեն նաև այն լուծելու ինչ որ նոր ճանապարհներ:
Ակնհայտ է, որ Արցախի բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել արհեստականորեն, Ադրբեջանի դիտավորյալ ու կանխամտածված քայլերի հետևանքով, որպեսզի այդ վիճակից դուրս գալու համար առաջարկության դեմքով պարտադրվեն նաև հումանիտար ճանապարհներ` այդ ամենը ներկայացնելով որպես մարդասիրության վեհ դրսևորում:
Հետևաբար միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի 22.02.2023թ. և 06.07.2023թ. որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար: Այն կատարվելու դեպքում արցախցին ինքնուրույն լուծելու է իր բոլոր հումանիտար խնդիրները և չի լինելու ոչ ԿԽՄԿ աջակցության և ոչ էլ «փրկության» նոր ճանապարհների կարիքը: Իսկ քանի դեռ դա չկա, ստիպված հիմնական խոսույթը հումանիտար վիճակի շուրջ է, զարմանալիորեն դրա մասին են խոսում նույնիսկ եռակողմ հայտարարության կողմերը: