Ջահել թավջութակահար էի, բայց ապրել էր պետք, թողի, մտա «Լենկոշ»-ը գործի. ովքեր են Գյումրու տատիկների երգչախմբի անդամները

Ջահել էի, թավջութակահար էի, բայց էդ տարիներին ով գիտեր՝ թավջութակն ինչ է: Քիչըմ վատ կապրեինք, գործիքս թողեցի, «Լենկոշ»-ը գործի անցա, երեխեքին պահել էր պետք: Տղամարդու գործ էր, մատներս կոպտացան, ես էլ ըսպես ծերացա, բայց չհանձնվա:

Երիտասարդության տարիների մասին այսօր արդեն ժպիտով է պատմում Մանիկ տատիկը: Պայուսակից լուսանկարի փոքրիկ մաս է հանում, որն իր մեջ մի ամբողջ ընտանիքի պատմություն ունի:

Այս լուսանկարում մայրն է, 10-ամյա Մանիկն ու իրենից բավական մեծ եղբայրները: Իր բարակ ու նուրբ ձեռքերն է ցույց տալիս լուսանկարում, հետո եղբայրների ճերմակ օձիքներն ու հպարտանում՝ իր ձեռքի գործն է:

«Այ էս պստիկ ձեռներովս կլվանայի շորերը, ձնձղտան կսարքեի, վրեն լաքեմ բդի չեղնիր, մամաս կաշխատիր, ես էի էնող-դնողը»,- պատմում է նա:

Տիկին Մանիկը 73 տարեկան է: Գյումրու «Մարջան» տատիկների երգչախմբի նվագակցողն է: Նաև եկեղեցում, պատարագների ժամանակ է նվագում: Մանկուց հոգևոր երգերի նկատմամբ սերն ու եկեղեցուց կտրված չլինելը 2000-ականներին նրան արդեն որպես երաժիշտ է կանգնեցրել հոգևոր տան շեմին:

«Մեր թեմի առաջնորդ սրբազան Աջապահյանն որ եկավ, 2007 թիվն էր, գնացի խնդրեցի, թե ես տունը սինթեզ ունիմ, կնվագեմ, կարո՞ղ եմ գալ, ծառայել եկեղեցուն, պատարագներին նվագել: Ասեց ոչ թե կարելի է, այլ ողջունելի է: Ես շատ ուրախացա, թևեր առա: Իրական թևեր»,- հուզվում է Մանիկ տատիկը:

Մանիկից առավել ուժեղ է «Մարջան»-ի երգչուհի, 90-ամյա Բետխեմ տատը: Մանկաբարձի մասնագիտություն ունի, երբեք չի աշխատել, գյումրեցի ամուսինը թույլ չի տվել: Բայց տանն իր կրթությանը հավատարիմ, գործեր արել է, հետն էլ միշտ երգել: Ասում է ու արագ ավելացնում՝ միայն տանն է երգել, ու միայն հոգևոր երգեր, բարձր տրամադրության ժամանակ էլ աշխարհականներից չի հրաժարվել:

Տատիկը երբեք փորձերից չի բացակայում: Ինչպես ամեն հարցում, այստեղ էլ է պարտաճանաչ:

«Մանիկիս հետ հարևաններ ենք, տրանսպորտով ենք գալիս: Մենակ լավ չեմ կարող բարձրանալ-իջնել»,- ասում է տատիկը:

90-ամյա գյումրեցին որպես երգչուհի առաջին քայլը հենց «Մարջան»-ում է արել: Ասում է, համերգներին եկողները և հիանում են, և զարմանում են իրենց տեսնելիս: Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարող է 80-90 տարեկան տատիկը համերգային զգեստ հագնի, ելույթ ունենա:

«Խորհուրդս բոլորին՝ ինչ գուզեք՝ էրեք, ջահել-ահել նշանակություն չունի, երգեք, պարեք, ամեն ինչին մասնակցեք, էս է կյանքը»:

Կյանքում ուրախ եղել, հիմա էլ կենսախինդ է Գյումրու տատիկների երգչախմբի մյուս անդամը՝ 78 տարեկան Քնարիկ տատը:

Մեզ հետ զրույցում անցած-գնացած ջերմ օրերն է հիշում: Մտովի հետ է քաշում կյանքի վարագույրն ու հայտնվում մանկության տան շեմին: 10 քույր ու եղբայր էին, երջանիկ ու միասնական:

«Օրմ ախպերս կանչեց՝ թե գնա պապիռոզ առ (ծխախոտ-խմբ.):Ես էլ երեխա, գնացի, հետո խաղով ընկա երեխեքի հետ, ուշ եկա տուն:
Մտա, հայաթը մորս մեծ սնդուկը դրած էր, մեջը մուրաբա բան կպահեր, լվացել, դրել էր արևին, որ չորնար: Ախպերս կանչեց, ըսավ մտի մեջը: Մտա, փակեց ու գնաց, որ իրան ըդքան սպասեցնել էի տվել:

Մերոնք դուռը կանգնած էինք, ես մեջը պառկել էի, կխնդայի, երգեյգը, մամս ծնկներին կուդար՝ թե վույ քոռանամ ես երեխես խեղդավ, հանեք: Մինչև հերս եկավ, կլուչը քցեց բացեց: Հմի որ կհիշեմ, անկախ ընձնից աչքերիցս արցունքը կերտա, քաղցր են էդ հուշերը»,- պատմում է տատիկն ու հպարտանում՝ բոլորն ընտանիքում կարողացել են երգել:

Հայրական կողմը Գյումրի է հասել Ալաշկերտից: Տարբեր տեղեում եղել, սակայն վերջում որոշել են մնալ այս պատմական քաղաքում: Երգն ընտանիքից անպակաս է եղել:

«Վերի օդա ունեինք, կհավաքվեինք, կերգեինք: Լավ ընտանիք էինք, երգով ուրախացել ու ուրախացրել ենք, հարսնքի ծախս ենք եղել, ապրել ենք, բայց ընձի չթողեցին, որ ես որպես մասնագիտություն ընտրեի երգը, բայց դե փոշման չեմ, մեկ է, միշտ էլ երգել եմ ես»,- ժպիտով նշում է տիկին Քնարիկը:

Տատիկների և մեր զրույցին նրանցից ավելի հուզված հետևում է «Մարջան»-երգչախմբի ղեկավար Մարինա Մանուչարովան: Զրուցում ենք Շիրազի հուշատուն-թանգարանի մի սենյակում, որը տնօրենն է հատկացրել երգչախմբին:

Մարինան նաև թանգարանի ցուցանմուշների պատասխանատուն է, մասնագիտությամբ՝ երաժիշտ: Իր մեծ սերը սեփական տատիկ-պապիկների և բոլոր տարեցներին մշտապես հարգված ու գնահատված տեսնելու ձգտումները նրան մղեցին հստակ քայլի. որքան էլ անհավանական էր, նա կարողացավ Գյումրիում ձևավորել ու հանրությանը ներկայացնել տատիկների երգչախումբը:

Սկզբում 4-5-ն էին, հիմա արդեն 10 անդամ ունի «Մարջան»-ը: Երգացանկում հայկական ժողովրդական երգեր են հիմնականում: «Սերս գաղտնի թող մնա»-ից մինչև «Ամպի տակից ջուր է գալիս», «Բինգյոլ» ու «Դու իմ Գյումրի Լենինական հին ու նոր»

«Շիրազի հուշատուն-թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվեց երաժշտաթերապիա, որին միացան Շիրակի թեմի սոցկենտրոնի շահառու տատիկները: Այդ ծրագրի ավարտից հետո էր, որ ես որոշեցի ունենալ այս եզակի փոքրիկ երգչախումբը»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մարինան:

Նա շնորհակալ է «Հայկական Կարմիր խաչ»-ի ընկերության ու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրենին: Նախ մտքին են սատարել, հետո՝ գործին: Կարմիր խաչի աջակցությամբ տատիկների համերգային զգեստն է կարվել, գնվել է դաշնամուր, թանգարանի տնօրենը տարածք է տրամադրել:

«Ես ուզում եմ, որ մեր տարեցներն իրենց զգան պիտանի, չմարեն իրենք իրենց մեջ, չմնան 4 պատի մեջ, դուրս գան: Նրանք մեզ շատ են պետք:
Երգելուն զուգահեռ այստեղ զրուցում ենք, թեյախմություն ենք անում, սրճում ու հանգստանում, օգնում իրար»,- ասում է Մանուչարովան:

Ինչ է «Մարջան»-ը գյումրեցի տատիկների համար:

«Իսկը իմ տեղս է, եթե մարդը կնվագե, հոգեպես կհանգստանա: Երաժշտությունը սրտի նման է 3/4 է: 3 հատ կզարգե 4-ը՝ պաուզա, հետո էլի 1, 2, 3: Թերապիա է»,- ասում է Մանիկ Բաբելյանը:

Բեթխեմ Պողոսյանի համար՝ նոր բացահայտում ու կյանքի հետաքրքիր նոր փուլ է երգչախումբը:

«Մե հատըմ գյուտ, թարմացնող, ջահելացնող: Ես գիտեմ, թե ահան նոր երկնքից իջել եմ ու ըմբես մե շրջապատի մեջ եմ ընկել, որ կյանքում հեչ տեսած չեղնիմ»,- անկեղծանում է Քնարիկ Հովհաննիսյանն ու դիմում երգչախմբի հիմնադիր-ղեկավար Մարիա Մանուչարովային.
«Դու մեզի նորից կյանք տվեցիր»:

Խոսքին ի պատասխան երգչախմբի բոլոր տատիկները համաձայնության նշան են ցույց տալիս՝ ավելացնելով. «Մարջան»-ում գտան իրենց երիտասարդության չիրականացած երազանքը:

Կիսվել սոց․ ցանցերում