Համացանցում արագորեն տարածված և մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ գրելով.
«Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:
Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:
Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը»։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ գրել է, որ տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում:
Նշենք, որ համացանցում տարածվող և մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութում կինը (ենթադրաբար՝ երեխայի մայրը) ֆիզիկական բռնության է ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմոնք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա:
Կինը նաև բռնության տեսարանին է ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում են մյուս երեխայի վրա:
Այս ամենը կինն անում է միացված տեսախցիկի առաջ՝ պարբերաբար ուղղելով այն և աղջիկներին հորդորելով շարժվել ու գործել այնես, որ ամեն ինչ կադրում հստակ երևա:
