Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, դրանք որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող են կիրառվել, բայց ոչ քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Ըստ նրա՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամադրումն իրականացվում է կոլեկտիվ կերպով, այս պարագայում՝ կառավարության մեկ որոշմամբ․ «Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը։ Այս պահին կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։
Ղազարյանը նշեց, որ բռնի տեղահանվածների համար ՀՀ քաղաքացություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է. «Երևանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ, ԼՂ-ից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ: Երեւանում կգործի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որ ավելի դյուրացնի, մարդկանց հերթեր, անհարմարություններ չպատճառի»։
