ԱԺ գործող խորհրդարանի պատմության մեջ «Հայաստան» խմբակցությանը կարելի է համարել ռեկորդակիր՝ պատգամավորի մանդատը վայր դրած, մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացրած անդամների թվաքանակով։ Իր գոյության երկու և ավելի տարիների ընթացքում, հիշեցնենք, մեկ տարի առաջ այս օրերին փլուզված «Հայաստան» դաշինքը լքել է 9 պատգամավոր։ Առաջինը դաշինքը լքեց ինքը՝ նախկին նախագահ Քոչարյանը, հայտարարելով, թե իրեն չի պատկերացնում օրենսդիրում, քանի որ ընտրապայքարի մեջ էր մտել գործադիր մարմնի կառավարումը ստանձնելու, այն է՝ վարչապետի աթոռին տիրանալու մարմաջով։ Նրա փաստացի ղեկավարմամբ գործող այս «ընդդիմադիր խմբավորումն» ամիսներ անց լքեց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր ՄհերՍեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը։ Այնուհետ, «Դիմադրություն» շարժման ֆիասկոյից հետո, մանդատը վայր դնելու մասին հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, որի օրինակին այնուհետ հետևեց նաև Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Իսկ երբ անցյալ տարի այս օրերին դաշինքի կազմում իր մասնակցությունը դադարեցնելու որոշման մասին հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, պատգամավորի իրենց մանդատներին հրաժեշտ տվեցին սույն կուսակցության քվոտայով ընտրված պատգամավորներ Վահե Հակոբյանը (ՎՀԿ ղեկավար), «Անռիվա տուր» ՍՊԸ տնօրեն, «բիզնես լեդի» Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը։ Մանդատից հրաժարվողների թվում հերթն այնուհետ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով առաջադրված մեղադրանքից պաշտպանած փաստաբանական թիմի անդամ, անկուսակցական Արամ Վարդևանյանինն էր։ Ամիսներ առաջ էլ մեկ այլ անկուսակցական հրաժեշտ տվեց «Հայաստան»-ին՝ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնը ստանձնելու ու երկրում ամբողջական իշխանափոխության սկիզբն ազդարարելու փափագով։
Նշենք նաև, որ մանդատից հրաժարվելու մասին ԿԸՀ դիմումներ են ներկայացրել նաև ցուցակի այլ անդամներ՝ Ալեքսանդր Խաչատուրյանը, Մարիաննա Եփրեմյանը, Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը (թուրքագետ), Մարիա Պետրոսյանը (Վահե Հակոբյանի կնոջ քույրը, ՎՀԿ անդամ), Ոստիկանության նախկին պաշտոնյա Սայաթ Շիրինյանը, Ռոբերտ Հայրապետյանը (ՎՀԿ անդամ), մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Հարկ է նկատել՝ ստացվեց այնպես, որ «Հայաստան» խմբակցությունը այս՝ «մանդատաթափության» հետևանքով համալրվեց նախընտրական ցուցակի ՀՅԴ-ական անդամներով, և հիշյալ խմբակցությունում այժմ թվակազմով գերիշխում են հենց ՀՅԴ-ականները։
Նորաթուխ պատգամավոր, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր Լևոն Քոչարյանը անկուսակցական է։
Հ. Մ․
