Ցոլակ Ակոպյանը այլևս Բրյուսովի պրոռեկտորը չէ. նա սրտնեղած է

Ցոլակ Ակոպյանի լիազորությունները՝ որպես Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորի, այսօրվանից դադարեցվել են:

Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ այսօր իր աշխատանքային վերջին օրն է:

«Սեպտեմբերի 19-ին ստացա ազատման հրաման, 45 օր պահելով աշխատանքային օրենսգրքից՝ այսօր իմ աշխատանքի վերջին օրն է։ Ներողություն եմ խնդրում հասարակությունից այս կարևոր օրը, երբ որ մարդիկ բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ ունեն, հատկապես մեր արցախահայ եղբայրները բազմաթիվ խնդիրներ ունեն, ես անդրադառնում եմ ու ժամանակ եմ խլում նաև լրատվամիջոցներից, բայց, իմ խորին համոզմամբ, այս ամենը չխոսելու արդյունք է։ Եթե յուրաքանչյուրն իր տեղում պայքարեր, իմ խորին համոզմամբ, այն խնդիրները, որ ունենք այսօր կրթության համակարգում, Բրյուսովում, չէին ծագի»,- ասաց նա։

ԵՊՀ-ի գիտխորհրդի նիստը խափանել փորձող և դրա հետևանքով կալանավորված, ապա ազատ արձակված պրոռեկտորը հայտարարեց, որ հրավիրում է իրավապահ մարմինների ուշադրությունը, որովհետև իր հարցազրույցում տարրեր կան, որոնք կարող են համարվել հանցագործության մասին հաղորդում:

«Մենք ունենք մի նախարարություն՝ ԿԳՄՍ, որի գլուխ կանգնած անձնավորությունը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, այն, ինչ կատարվում է կրթական համակարգում, բուհական դասագրքերի պատմությունը, Հայոց պատմությունը, երբ որոշել են, որ հայ ժողովրդի ծագումը սկսվել է Ուրարտուից, խոսում է այն մասին, որ ամեն ինչ արվում է մեր հոգևոր անվտանգությունը խաթարելու և հային մոռացնելու իր պատմությունը։ Ցավում եմ, որ շատ ինստիտուտների կարծիք չլսեցի այս մասով, ուղղակի լռում են, թե ինչ է կատարվում այսօր, ինչի արդյունքում ենք մենք հասել այս օրվան»,- ասաց նա:

Այնուհետև Ակոպյանը անդրադարձավ Ակադեմիական քաղաքի կառուցմանը՝ նշելով, թե այդ ծրագրով կրթական քաղաքում ներառված 4 բուհից Մանկավարժականին միավորվելու է Բրյուսովի 15 տոկոսը, այսինքն՝ Բրյուսովի համալսարան չի լինի Հայաստանում։ Մեկ տարվա մեր պայքարից Կառավարությունը, մեկ է, չի հրաժարվում իր ծրագրից»։

Կիսվել սոց․ ցանցերում