Եթե Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրի արձանագրում, ապա պարոն Շահրամանյանի իրացրած որոշումները կապիտուլիացիոն փաստաթղթեր են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին, թե այդ թուղթը Քոչարյանը տեսե՞լ է, նա արձագանքել է՝ եթե թուղթը չենք տեսել, ապա ինքը (Շահրամանյանը) Երևանում ի՞նչ է անում. Արցախի Հանրապետության նախագահն է:
«Չի եկել Երևան՝ ինչ-որ գլուխներ ջարդելու համար, Երևան է եկել, որովհետև հայաթափվել է Արցախը, և ինքը որպես նախագահի պարտականություններ կատարող ուղղաթիռով է եկել՝ ի տարբերություն այն ժողովրդի, որոնք եկել են ոտքով կամ տրանսպորտային այլ միջոցներով, խոսքը դրա մասին չի: Եվ քանի որ խոսք է գնացել Պաշտպանության բանակի, Զինված ուժերի մասին, Քննիչ հանձնաժողովը քանի որ ունի դեռ մեկ ամիս աշխատելու ժամանակ, ձեր բարձրացրած հարցը մենք կփորձենք իրացնել, որովհետև մեր փոխարեն տարբեր լրատվամիջոցներ տեսակետ են ասում, որ Քննիչ հանձնաժողովը քանի որ Արայիկ Հարությունյանին չկարողացավ կանչել, ապա ո՞ւմ է կանչելու, չգիտես՝ ինչու տալիս են այլ մարդկանց անուններ»,- ասել է Քոչարյանը:
Վերջինս նաև նկատել է՝ պարոն Շահրամանյանին արժե որոշ հարցեր ուղել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո այն իրողությունների հետ, որոնք առնչում են թե՛ սպառազինությանը, թե՛ հայաթափմանը, թե՛ կապիտուլիացիոն բնույթի այն փաստաթղթերին, որոնք, այնուամենայնիվ, ստորագրվել են. «Եվ այդ ստորագրությունը ինչ նպատակ էր հետապնդում: Այդ հարցերի պատասխանը կարող է լրացնել Քննիչ հանձնաժողովի եզրակացության այդ դրվագն ամբողջությամբ»:
