Իբրև ԼՂՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր հանդես եկող Մետաքսե Հակոբյանը, որն այս ընթացքում աչքի է ընկել և շարունակում է աչքի ընկել ՀՀ իշխանության, վարչապետի հասցեին անլվա խոսքեր շաղ տալով, ի թիվս այլ արցախցիների՝ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո տեղափոխվել է Հայաստան։ Սակայն, ինչպես երևում է, այնքան էլ կոմֆորտ չի զգում իրեն մի երկրում, որի իշխանությունը, մեղմ ասած, իր ո՛չ սրտով է, ո՛չ հոգով, ո՛չ էլ․․․ «հագով»։
Հակոբյանը, թերևս, արցախցի այն եզակի պաշտոնյան է, որը այս ընթացքում հասցրել է ռեկորդային քանակով հարցազրույցներ, ասուլիսներ տալ տարբեր ԶԼՄ-ների՝ զերծ չմնալով ՀՀ իշխանությանը քլնգելու գայթակղությունից, հասցրել է լալահառաչ, սրտակեղեք ստատուսներ գրել Ֆեյսբուքում, որոնցից վերջինը՝ մի քանի ժամ առաջ։ Վիդեոհոլովակին կից, որտեղ սև զգեստ կրող, «Դեդո-բաբո»-ի արձանի մոտ բարձրացող Հակոբյանն է, կարդում ենք․ «նիկոլնե՛ր, դուք խլեցիք իմ կյանքը, իմ հայրենիքը, հարազատներիս, ընկերներիս, տունս, սև մանգաղով հնձեցիք Արցախը…ամեն բան արեցիք, որ քոչվորը պղծի ՀԱՅԻ ԱՐՅՈւՆՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ․․․ Քանի դեռ կամ, քանի դեռ շնչում եմ, քայլում եմ, չեմ դադարելու գործել: Պիտի գնամ»։
Տիկին Հակոբյանին սիրով բարի ճանապարհ ենք մաղթում, իսկ նախքան նրա վերադարձը՝ անդրադառնանք «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ վերջինիս արած մի քանի արտահայտության։ «Մենք այստեղ մեկ ամիս և ավելի մեզ նույն հարցն ենք տալիս. ո՞վ ենք մենք այստեղ, ո՞վ ենք մենք այս իշխանությունների համար և ընդհանրապես, ո՞վ ենք մենք այս աշխարհում»,- մասնավորապես հայտարարել է Հակոբյանը։
Փաստորեն, ծնունդով երևանցի, Երևանի 131 դպրոցն ավարտած, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բարձրագույն կրթություն ստացած, Երևանի Վ․Գ․ Բելինսկու անվան դպրոցի փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի աշխատած, 2008-ից Արցախ տեղափոխված տիկինն իր ծննդավայր վերադառնալուց հետո կողմնորոշման հետ կապված խնդիրներ ունի՝ ո՞վ է, ինչացո՞ւ է և այսպես շարունակ։ Եվ իր՝ չկողմնորոշված լինելը փորձում է վերագրել նաև մյուս արցախահայերին՝ խոսելով բոլորի անունից։ Հակոբյանը հավաստիացնում է, որ «յուրաքանչյուր արցախցի, ում ես ամեն օր տասնյակներով եմ հանդիպում, հոգու խորքում մտածում և սպասում է, որ տեղի կունենա մի բան, և ինքը մոտ օրերս տուն կվերադառնա։ Բայց ես՝ որպես քաղաքական գործիչ, սթափ մտածող ու պատասխանատվություն կրող մարդ, հասկանում եմ, որ հրաշքներ չեն լինում և ամեն ինչ կախված է մեզնից, մեր քայլերից, այստեղ մեր հայրենակիցների պատրաստակամությունից, սփյուռքում մեր հայրենակիցներից: Ու քանի դեռ այս միավորները գործելու են իրարից անկախ կամ ցույց են տալու, թե, իբր, գործում են, բայց իրականում ոչինչ չեն անում, մենք այսպես էլ մնալու ենք տնավեր, բնավեր ու այս աղետը շարունակվելու է»։
Նախ հետաքրքիր է՝ այդ որտե՞ղ է Հակոբյանը «տասնյակներով» հանդիպում արցախցիներին, փողոցո՞ւմ, Երևանի իր տա՞նը, թե՞ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում, և եթե հանդիպում է, ապա որպես ո՞վ է հանդիպում՝ քաղաքացի Մետաքսե Հակոբյա՞ն, թե՞ լուծարված պետական ինստիտուտներով Արցախի Հանրապետության պատգամավոր Հակոբյան։ Սակայն որ կարգավիճակում էլ որ հանդիպելիս լինի տիկինը, արժե, որ այդ հանդիպումները ծառայեցնի օգտակար գործի՝ անիրազեկ արցախցիներին (որոնցից մեկն էլ, ինչպես երևում է, ինքն է) իրազեկի արցախահայությանը վերաբերող ՀՀ պետական մի շարք ծրագրերի մասին, որոնցից մի քանիսն արդեն իսկ մեկնարկել են։ ՀՀ կառավարությունը, իմիջիայլոց, լայն հնարավորություններ է ընձեռել Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ-ում ինտեգրելու համար, և ոչ թե մնալ «տնավեր, բնավեր»՝ ինչպես տիկին Հակոբյանն է գուժում։
Սկսենք թերևս, ամենավերջին նորությունից․ Արցախից բռնի տեղահանված անձանց ծախսերի համար ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 144 մլրդ դրամ, որը կուղղորդվի արցախցիներին թոշակ տրամադրելուն և այլ ծախսեր հոգալուն։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Երեկվանից էլ մեկնարկել է 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդող ամիսների համար: Դիմումներն ընդունվելու է Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջի միջոցով:
Հոկտեմբերի 26–ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Արցախահայերին վերաբերող սոցիալական ծրագրերը այսքանով չեն սահմանափակվում և մի քիչ ժամանակ ու ջանք տրամադրելու դեպքում տիկին Հակոբյանը կարող է տեղեկանալ դրանց մասին և տեղեկացնել մեր հայրենակից արցախցիներին՝ նրանց անունից անհասկանալի, դեստրուկտիվ, եթե կուզեք՝ աղետաբաղձ հայտարարություններ անելու փոխարեն։ Եվ եթե տիկինը ցանկանում է վերադառնալ լուծարված և «Ղարաբաղի տնտեսական շրջանի» վերածված Արցախ և Ալիևի կողմից առաջարկվող «ռեինտեգրացիայի» ծրագրի շահառու դառնալ, ապա դա նրա անձնական որոշելիքն է, ոչ ոք իրավունք չունի բռնանալ նրա կամքին ու կողմնորոշմանը։
Հիշեցման կարգով ասենք, որ Հակոբյանի կողմից որպես Արցախի նախագահ ողջունված Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագրի վերջին կետը հենց ինտեգրացիային է վերաբերում։ Ըստ այդմ․ «Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո (կարող է) ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորությունը ինքնուրույն և անհատապես որոշելու նպատակով»։
Հ․Մ․
