Ոստիկանության պայքարն ապօրինի ծառահատումների դեմ

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղի տեղամասում հայտնաբերել են առանց համարանիշերի և անհրաժեշտ փաստաթղթերի «ԿամԱԶ» ավտոմեքենա, որը բեռնված էր 15 խմ հաճարենու կոճղերով:

27-ամյա վարորդը, որը չուներ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև երեք ուղևորները հայտնել են, որ Դսեղի տեղամասում բենզասղոցով հատել, ապա մասնատել են հաճարենիներ և բեռնել ավտոմեքենան: Նրանք փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:

Փայտանյութով բեռնված «ԿամԱԶ»-ը անսարքության պատճառով հնարավոր չի եղել տեղափոխել բաժնի հատուկ պահպանվող տարածք, ուստի նշված վայրում նշանակվել է ոստիկանական վերակարգ:

Չորս տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Կիսվել սոց․ ցանցերում