ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍՈՎ ՑԱԾՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ԲՌ ՆԻ ՏԵՂՍՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նկատի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման հետևանքով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստանի Հանրապետության տարածք, խնդիրը օրինական դաշտ բերելու անհրաժեշտությունը և և ստեղծված սոցիալական իրավիճակում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, Կենտրոնական բանկի և Ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում կայացվել է որոշում, որը կօգնի առավելագույնս կանոնակարգել իրավիճակը:

Կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 31-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 15-ին։

Վերոհիշյալ լրացումներով, մասնավորապես, սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք եղած Ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.
1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Լեռնային Ղարաբաղում,
2) մինչև 2020 թվականի արտադրության է,
3) չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,
4) սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում։ Պարզապես անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը։ Նշված քայլերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ

Հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ նշված չափորոշիչների շրջանակում և նախատեսված ժամկետներում ապահովել ավտոտրանսպորտային հաշվառումն ու ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պարեկային ծառայողները ևս իրենց լիազորությունների շրջանակում կաջակցեն մեր հարենակիցներին երթևեկության մեջ գտնվելու ընթացքում, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում առցանց եղանակով կնքելու ԱՊՊԱ պայմանագիր:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Կիսվել սոց․ ցանցերում