Մշակութաբան Հրաչ Բայադյանը գրում է.Ռпւսաստանից մշակութային անկախությունը պահանջում է այդպիսի ցավոտ գործողություններ

Ինչքան ծանոթ բաներ եմ լսում, ուրեմն նորից «Հայաստանը Եվրոպայի մաս է», ճիշտ ինչպես 30 տարի առաջ։ Այն ժամանակ դա հավանաբար ետխորհրդային միամտության֊անգիտության կամ անկախության խումհարի արդյունք էր։ Նաև չափազանցված ինքնագնահատականի, որ վախենամ այսօր էլ իր գործն անում է՝ չնայած վերջին տարիների սթափեցնող (հույս ունեմ) իրադարձություններին։ Այն ժամանակ էլ Հայաստանը «ժողովրդավարության կղզի» էր, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում։ Հնչում են կոչեր ՀԱՊԿ֊ից, ԱՊՀ֊ից դուրս գալու, ռուսական ալիքները փակելու և այլ բաների մասին։ Այո, ամեն ինչ ճիշտ է, հուսանք, որ հենց այդպես էլ կլինի։ Բայց հայ հասարակության մշակութային գիտակցության մեջ, որի միջուկում անսասան են խորհրդային շրջանի «մշակութային նվաճումները», շատ բան չի փոխվել։ Ինչո՞ւ անհանգստանալ ռուսական հեռուստաալիքների ազդեցությամբ, երբ Հանրային հեռուստատեսությունն ամեն օր փառաբանում է խորհրդային անցյալը, երբ Առնո Բաբաջանյանը, Արմեն Ջիգարխանյանը և շատ ուրիշներ մնում են մշակութային փառքի անվերապահ գագաթներ, հասարակության սնապարծությունը սնող և միավորող անփոխարինելի միջոցներ կամ հենց կուռքեր (այս գործին լծված «մտավորականների» մասին չարժեր նույնիսկ հիշատակել, եթե նրանք չլինեին այդ մեծ խնդրի կենդանի մարմնացումները)։ Իսկ որ նրանք, այդ կուռքերը «սովետական» են, որ նրանց մասին խոսելն այսօր պահանջում է ավելի սթափ ու քննադատական վերաբերմունք՝ ոչ մեկին չի հետաքրքրում։ Արդեն ընդունակ էլ չեն նման բանի, չեն էլ կասկածում, որ Ռուսաստանից մշակութային անկախությունը պահանջում է այդպիսի ցավոտ գործողություններ։ Նման գիտակցությամբ ոչ միայն չես շարժվի դեպի Եվրոպա, այլ կմնաս անդարմանելիորեն «ռուսական»։

Կիսվել սոց․ ցանցերում