Հայտնի են ամենատարածված տեսախաղերը, որոնց երկրպագուներն ամենից հաճախ են ենթարկվում հաքերային հարձակման

«Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները 2022-ի հուլիսից մինչև 2023-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են կիբեռհարձակումների ավելի քան 4 միլիոն դեպք, որոնց թիրախում եղել են տարածված տեսախաղերի երկրպագուները։ Կիբեռխարդախների շրջանում ամենատարածված խաղը եղել է Minecraft-ը, ասվում է ընկերության զեկույցում։

Minecraft-ին բաժին է ընկնում PC համակարգիչների համար նախատեսված վնասակար ծրագրերի ավելի քան 70%-ը և ավելի քան 90%-ը՝ բջջային սարքերի դեպքում: Դա պայմանավորված է նրանով, որ խաղը թույլ է տալիս օգտագործել մոդիֆիկացիաներ, որոնք հաճախ տարածվում են ոչ պաշտոնական ֆորումներում: Նման ծրագրաշարը կարող է պարունակել վիրուսներ, որոնք գողանում են օգտատիրոջ տվյալները կամ գումար կորզում:

Կիբեռհանցագործների շրջանում տարածվածությամբ երկրորդ տեղում Roblox տեսախաղն է, իսկ երրորդում՝ Counter Strike: Global Offensive-ը։

Բացի դրանից, զեկույցում ուսումնասիրվել են նաև կիբեռխարդախության այլ տեսակներ, ինչպիսիք են ֆիշինգային կայքերը, որոնք նմանակում են խաղերի և տարբեր հարթակների պաշտոնական էջերին և օգտատերերին առաջարկում են մուտքագրել իրենց օգտանուններն ու գաղտնաբառերը բոնուսներ, նվերներ կամ նոր խաղերին վաղաժամ հասանելիություն ստանալու համար: Դրանից հետո խաբեբաները հասանելիություն են ստանում օգտատերերի խաղային հաշիվներին և կարող են դրանք տնօրինել իրենց հայեցողությամբ:

Կան նաև կայքեր, որոնք առաջարկում են խաղեր ներբեռնել անվճար կամ զեղչով, սակայն իրականում օգտագործվում են օգտատիրոջ քարտից գումար կամ տվյալներ գողանալու համար:

«Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետները խորհուրդ են տալիս տեսախաղեր գնել և ներբեռնել միայն պաշտոնական աղբյուրներից, չօգտագործել անօրինական ծրագրակազմ և կասկածելի կայքերում չմուտքագրել ձեր տվյալները:

Կիսվել սոց․ ցանցերում