Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. դեսպան

Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:

«Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Պետք է նշեմ՝ Լեհաստանն առաջին երկրներից է, որ ֆինանսական և նյութական աջակցություն տրամադրեց այս տարվա սեպտեմբերին  տեղի ունեցած ողբերգական օրերին: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում խաղաղություն լինի ու հայերն էլ կարողանան խաղաղ ապրել միջազգայնորեն ճանաչված տարածքում»,-ասել է դեսպանը:

Լեհաստանի դեսպանն, անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝  Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանն, ընդգծեց, որ այս հարցում Լեհաստանը միանշանակ Հայաստանի համար խնդիրներ ստեղծող պետություն չէ:

«Գիտեք, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, և ես հուսով եմ, որ ի վերջո կհասնենք այս նպատակին և մուտքի արտոնագրերի ազատականացումը իրականություն կդառնա»,-ասել է  նա:

Կիսվել սոց․ ցանցերում