ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Հանուն Հայաստանի փրկության» շարժումը, ինչպես մամուլն է գրում, «տնավորման» փուլում է՝ գրասենյակներ է բացում Երևանում և ՀՀ որոշ մարզերում, կենտրոնական գրասենյակն էլ Հյուսիսային պողոտայում է։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան հոկտեմբերի սկզբին ազդարարեց իր շարժման մասին՝ ռուսերենով տեղաուղերձ տարածելով։ ՀՀ-ում իշխանափոխություն անելու օրակարգ հետապնդող ՀՀ «դաշնակից» երկիրը, ինչպես ավելի վաղ էինք նկատել, «պարկից նոր կատու է բաց թողել», որը պիտի ստանձնի Հայաստանի նոր փրկչի առաքելությունն ու կանխի հայ ժողովրդի կործանումը, որը, ըստ նույն այդ հայ ժողովրդին ավանդաբար ներշնչված նարատիվի, տեղի կունենա, եթե ՀՀ-ն պոկվի ՌԴ-ից, դուրս գա վերջինիս հովանուց և գործի որպես իսկապես սուվերեն և անկախ երկիր։
Կարելի է ենթադրել, որ ընդդիմության նոր առաջնորդության հարցը, ինչի մասին շաբաթներ առաջ, ի դեպ, ազդարարել էր մեկ այլ պրոռուսական պրոյեկտի ներկայացուցիչ՝ Անդրանիկ Թևանյանը, փորձ է արվում լուծել նոր դեմքով՝ Արշակ Կարապետյանի։ Թեև շարժման մասին ազդարարելուց հետո նախկին նախարարին առայժմ հրապարակավ մեկ, այսպես ասած, ռազմահայրենասիրական, ռուսադավան ուժ է միացել՝ «Հայ ազգային ճակատ» ՀԿ նախագահ Գևորգ Գևորգյանը (նրան կարելի էր տեսնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախընտրական հանդիպումների ժամանակ, առաջադրված թեկնածուների հետ քարոզարշավի մասնակցելիս), սակայն չի բացառվում, որ մոտ ժամանակներս տեղի ունենա պրոռուսական վեկտոր ունեցող մանր ու մեծ գործիչների ու պրոյեկտների համախմբում մեկ հարկի տակ։ Ի դեպ, շարժման կազմակերպչական հարցերին տեղյակ Գ. Գևորգյանը մամուլում նշել է՝ «որպեսզի շարժումը հասնի հանգուցալուծման, պետք է լավ նախապատրաստվել, միայն հրապարակներ մարդկանց հանելով, բեմեր բարձրանալով, հայտարարություններ անելով չէ։ Ո՞ւմ է պետք մարդկանց փողոց հանել, հետո մարելը»։ Նրա խոսքով՝ մեծ թիմ է աշխատում, որի անդամներից շատերը հայտնի և հանրության կողմից ընդունված մարդիկ են։
Նկատենք, որ «Արշակ Կարապետյան և այլք» պրոյեկտը գործողության մեջ դնելը վկայում է այն մասին, որ ընդդիմադիր դաշտի առաջնորդությունն այլևս ՀՀ նախկին՝ երկրորդ և երրորդ նախագահների մոնոպոլիայից դուրս է, և որպես իշխանափոխության «հրամանատարներ» ձախողված, իրենց սպառած Քոչարյանն ու Սարգսյանն այլևս նոր «կոնկուրենտ» ունեն։ Թե ով է Կարապետյանն ու որպես զինվորական ինչ համբավ ունի, ընթերցողը, վստահ ենք, տեղյակ է։ Հիշեցման կարգով ասենք, որ նրա անունը թնդաց հատկապես Քառօրյա պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան և պաշտպանության նախարարության մի քանի այլ պաշտոնյաների հեռացրեց պաշտոնից։ Կարապետյանն այդ պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետն էր։ Ազատվելուց երկու տարի անց՝ 2018-ին, հայտնի դարձավ, որ Կարապետյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ, ապա նա «վերագործուղվեց» ՀՀ՝ նշանակվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
Ի դեպ, իր նախաձեռնած շարժման մասին ազդարարելուց ժամանակ անց Կարապետյանը հարցազրույց էր տվել կայքերից մեկին և ի պատասխան դիտարկման՝ «Դուք երբեք չեք թաքցրել Ձեր համակրանքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, Ռուսաստանում ավարտել եք ռազմական ակադեմիան, ոմանք Ձեզ համարում են ռուսամետ գործիչ», նախկին նախարարը մասնավորապես արձագանքել էր. «Ինչ վերաբերում է ռուսամետ դիրքորոշումներին, ապա կասեմ պարզ. ես հայամետ եմ և միշտ էլ այդպիսինն եմ եղել։ Ես սովորել եմ ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Եվ լավ եմ պատկերացնում այս երկրների նպատակներն ու խնդիրները։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ հայ և ռուս ժողովուրդները եղբայրներ են. Հայաստանում դեռևս թագավորական ժամանակներից մնացել են ռուս զինվորների գերեզմանները։ Վերջին մի քանի տարիների ընթացքում հենց ռուսները, Ռուսաստանի քաղաքացիները պաշտպանում էին մեզ, հայերիս, զոհվեցին մեր հողում, այդպես չէ՞։ Հիշեք 2020 թվականին խոցված ուղղաթիռը և Արցախում զոհված խաղաղապահներին։ Վստահ եմ, որ աշխարհաքաղաքական մեր պայմաններում Ռուսաստանը միակ երկիրն է, որն իսկապես շահագրգռված է Հայաստանի պետության պահպանման համար»։ Պարոն Կարապետյանը, փաստորեն, շարժումն սկսել է ՌԴ-ի վերոհիշյալ շահագրգռությունը ի կատար ածելու համար (Արցախի հարցում, փաստորեն, ՌԴ-ն բնավ էլ չուներ նման շահագրգռություն), ի հեճուկս ՌԴ-ի հետ առճակատման մեջ գտնվող մնացած երկրների՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, որոնց նպատակներն ու խնդիրները, դատելով Կարապետյանի խոսքի տրամաբանությունից, ամենևին էլ ՀՀ-ի պահպանությունը չէ։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նկատենք, օրերս Հ1-ի եթերում անդրադարձավ Կարապետյանի հայտնությանը՝ նշելով՝ նրան ինչ-որ տեղից ասել են՝ հայտնվիր, և նա հայտնվել է: «Արշակ Կարապետյանը ռուսերեն հայտնությամբ ինչպես հայտնվեց, այնպես էլ անհետացավ: Ինքը խոսում էր Զինված ուժերի, կռվել-չկռվելու մասին, ո՞ւմ անունից էր խոսում: Զինված ուժերում իրեն հիշո՞ւմ են։ Եթե հիշում են որպես հետախուզության պետ, այդ դեպքում հարց է առաջանում՝ Քառօրյա պատերազմում, որպես հետախուզության պետ, ի՞նչ գործառույթներ է իրականացրել, որի անհաջողությունը կարելի է համարել արձանագրված նաև մեր զեկույցի մեջ: Արշակ Կարապետյանին եկեք չփնտրենք, ոնց որ հայտնվել է, եթե պետք լինի, նույն ձևով կհայտնվի, հիմա ինձ անհանգստացնում է իր հայտնությունից հետո անհետանալը: Հիմա ո՞ւր է պարոն գեներալը, լավ կլինի՝ մեր հատուկ ծառայությունները հետևեն նրա շարժը և քաղաքական նպատակները»,- ընդգծել էր Քոչարյանը:
Հ. Մ․
Աղբյուրը՝
https://civic.am/politics/119271-serj-sargsyan-robert-qocharyan-arsahk-karapetyan.html
