Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք կոմիտեից պահանջում են անհապաղ քայլեր անել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։
Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ։ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորում է բերում Ադրբեջանը։
«Մենք դեռ Կարմիր խաչի մոտ ենք»,– գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, որը մասնակցում է ակցիային:
Նշենք, որ Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։
«Ինչպես գիտեք, այսօր Ադրբեջանը, չնայած նախնական պայմանավորվածությանը, թույլ չի տվել օրեր առաջ վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի աճյունի տեղափոխումն Արցախ։
Այս պահին իրավիճակը ԿԽՄԿ դիմաց շատ լարված է, անթիվ ոստիկանական զորքեր են ժամանել մարդկանցից պահանջելով ցրվել, նշելով, որ հակառակ դեպքում ուժ կիրառելու թույլտվություն ունեն»,– գրել է օգտատեր Լիլիթ Բորիսովնան: