Բուդապեշտում, հնարավոր է, հացահատիկի նոր գործարք կնքվի հաջորդ շաբաթավերջին։ Գրել է գերմանական Bild-ը:
Ռուսական կողմը կներկայացնի Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։
Ռուսաստանը, Թուրքիան ու Կատարն «այժմ եռակողմ համաձայնագիր են մշակում ժամկետանց պայմանագիրը փոխարինելու համար»։
Bild-ը նոր համաձայնագրի մասին տեղեկացել է հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների և դեսպանատների միջև պաշտոնական նամակագրությունից, որին հասանելիություն է ստացել։
Ըստ նոր համաձայնագրի՝ ռուսական հացահատիկը գնալու է աղքատ երկրներ, հիմնականում՝ աֆրիկյան երկրներ։ Իսկ Անկարան ցանկանում է, որ հացահատիկ մատակարարվի Ուկրաինայից, ինչի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Ռուսաստանին խնդրել է վերադառնալ նախկին համաձայնագրին։
Ըստ մշակվող գործարքի՝ Թուրքիան հանդես կգա որպես Աֆրիկա ռուսական հացահատիկի մատակարարման կազմակերպիչ, իսկ Կատարը՝ որպես նրանց հովանավոր։ Անկարան առաջարկում է նաև նոր համաձայնագիրը կյանքի կոչել ՄԱԿ-ի հովանու ներքո։
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովն արդեն մեկնել է Բուդապեշտ՝ մասնակցելու դրա եզրակացությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կներկայացնի պաշտոնական Անկարային։ Կատարի ներկայացուցչի մասին Bild-ը չի հայտնել։
Նախորդ պայմանագրին մասնակից են եղել Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան ու ՄԱԿ-ը։ Այն կնքվել է Ստամբուլում 2022 թվականի հուլիսին։ Դրա մի մասը՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը երեք նավահանգիստներից, իրականացրել են կողմերը։ Երկրորդը՝ ՌԴ-ՄԱԿ հուշագիրը՝ ռուսական գյուղմթերքների և պարարտանյութերի համաշխարհային շուկա մուտքի սահմանափակումների վերացման մասին, ըստ Մոսկվայի, չէր կատարվել։ Այդ պատճառով հուլիսի 17-ին Ռուսաստանը հրաժարվել էր երկարաձգել հացահատիկի գործարքը։