Արձագանք կա արդյոք Սամվել Շահրամանյանից Քննիչ հանձնաժողով ներկայանալու. Քոչարյանը մանրամասնեց

«Սպասում եմ իր որոշմանը և պատասխանին, որովհետև գրության մեջ հստակ արձանագրել էի, որ ասի՝ կոնկրետ որ օրն է իրեն հարմար մինչև դեկտեմբեր ամիսը, որպեսզի այն հարցերը, որոնք պարտադիր պետք է իրեն ուղղենք այդ հնարավորությունից կարողանանք օգտվել»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննիչ հնաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանին գրություն ուղարկելու մասին:

«Պաշտոնական գրությունը հանձնելու պահին նախագահը տեղում չի եղել, բայց կարծում եմ նամակն արդեն իր ձեռքում է»,- նշեց նա։

Քոչարյանը նաև ընդգծեց, որ այսօր առավոտյան էլ խոսել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ։ Քննիչ հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ որոշ իրավական հարցեր կան և դա լուծելուց հետո Հարությունյանը նույնպես կկարողանա գալ խորհրդարան` հարցերի պատասխանելու. «Շատ կարևոր է և՛ պարոն Շահրամանյանին, և՛ պարոն Հարությունյանին Քննիչ հանձնաժողովում լսելը: Պարոն Շահրամանյանը մինչև 2020 թվականի մայիսը եղել է ԼՂ ազգային անվտանգության ծառայության տնօրենը»:

Քոչարյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է մշակել օրենք, որով արգելվում է նախկին կամ գործող պաշտոնատար անձանց մերժել հանձնաժողովների հրավերները։

Կիսվել սոց․ ցանցերում