Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կառավարության ղեկավարին դիմավորել և ուղեկցել է ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, ով ծանոթացրել է տեխնոլոգիական գործընթացներին և ներկայացրել արտադրական ծավալներն ու առաջիկա ծրագրերը: Վարչապետն առանձնակի կարևորել է կոմբինատում նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման ուղղությամբ քայլերի իրականացումը: Նշվել է, որ կոմբինատն ունի 1200 աշխատատեղ։
Այնուհետև վարչապետը հանդիպել է ագարակցիների հետ, քննարկել ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը վերաբերող հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:
Հաջորդիվ կառավարության ղեկավարը ծանոթացել է Մեղրիի մանկապարտեզում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որի 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից: Քանի որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա` կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:
Կիսվել սոց․ ցանցերում