Հայաստանը երկխոսության մեջ է նաև Թուրքիայի հետ: Նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս որևէ հաջողություն չունենք: Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի, խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար:
Այս մասին այսօր Երևանում մեկնարկած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստի ժամանակ ելույթի իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի լսել Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը, ինչը կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ:
«Հույս ունենք՝ Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան, և Հայաստանի Հանրապետությունը, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը»,- ասել է վարչապետը:
