Նոյեմբերի 20-ից 24-ն անցկացվել է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:
Զորավարժության ակտիվ փուլին ներկաեն եղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Մինչ զորավարժության մեկնարկը նրանք ներկայացրել են ստորաբաժանումների սպառազինությունն ու տեխնիկան։
Զորավարժությունը ղեկավարել է Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը:
Մասնակցել են ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի, Երևան քաղաքի վարչության, պետական պահպանության ու քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների, տնտեսական, բժշկական, փորձաքրեագիտական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների, պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և ՆԳՆ կրթահամալիրի ստորաբաժանումների ծառայողներ։
Զորավարժությունն անցկացվել է մի քանի փուլով։
Զանգվածային անկարգությունները խափանելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով սկսվել է հատուկ օպերացիա. հատուկ նշանակության գումարտակի ծառայողները վնասազերծել են անօրինական զինված խմբավորումներին և առգրավել մեքենաներում գտնվող զենք-զինամթերքը։
Կատարվել են մարտավարական գործողություններ` օգտագործելով հատուկ տեխնիկա։
Հատուկ համահավաք ջոկատի խմբերը բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել են իրենց առջև դրված խնդիրները։
Զորավարժության նպատակն է եղել կատարելագործել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ շտաբի և հատուկ համահավաք ջոկատի գործնական հմտությունները, զարգացնել ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցությունը։
Զորավարժության ավարտին տեղի է ունեցել ծառայությունում աչքի ընկած ոստիկանների պարգևատրման արարողություն։
