Պարեկների կողմից Տավուշում կանգնեցված մեքենաներում ապօրինի զեն քեր ու զինшմթերք է եղել (տեսանյութ)

Նոյեմբերի 18-ին Տավուշի մարզի պարեկները Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 29-ի փողոցում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու: Ինքնությունը պարզելու նպատակով պարեկները պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ: Մինչ տղամարդը պայուսակից փորձել է հանել անձնագիրը՝ պարեկներն այնտեղ ատրճանակ են նկատել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ զենքի օրինականությունը ստուգելու նպատակով քաղաքացին հրավիրվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Պարզվել է, որ 52-ամյա տղամարդու զենքը գազային ատրճանակ է՝ լիցքավորված 7 փամփուշտով: Խուզարկությամբ նրա գրպանից ևս 3 փամփուշտ է հայտնաբերվել:

Տղամարդը հայտնել է, որ զենքի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չունի: Նա ձերբակալվել է: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժանմունք:

Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի պարեկները Նոյեմբերյանի Վիրոնայի փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենայի սրահում նրանք նկատել են որսորդական հրացան, որի վերաբերյալ 43-ամյա վարորդը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Տղամարդը հայտնել է, որ մեքենայի բեռնախցիկում 4 ռադիոկապ և 9 փամփուշտ կա:

Պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի բեռնախցիկը, որտեղ օրինականությունը հավաստող փաստաթուղթ չունեցող ողորկափող որսորդական հրացան է եղել: Վարորդը հայտնել է, որ հրացանն ուղևորինն է: Վարորդը և ուղևորը ներկայացվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Կիսվել սոց․ ցանցերում