ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 44–օրյա պատերազմի հետևանքները քննող հանձնաժողովի՝ իր մասնակցությամբ կայացած նիստին։
«Ես եկել եմ որպես քաղաքացի և կատարել պարտքս, թե հանձնաժողովը ինչ կասի, ես որևիցե բան չգիտեմ»,– ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե շարունակում է իր նույն տեսակետին հետևել՝ այն է,Հայաստանի և Արցախի իշխանության դավադիր որոշմամբ հանձնվել է Արցախը, վերջինս նկատեց՝ «եթե ես որևէ տեսակետ հայտնում եմ, չեմ փոխում իմ տեսակետը, մնում է նույնը։ Եթե բանակի հրամանատարը չի ղեկավարում ռազմաճակատը, իր հետ միասին ղեկավարում են այլ անձինք, պետք է հետաքննություն գնա, ես անուններով չեմ խոսում, այլ դրվագներով, փաստերով։ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը այն է, որ անձամբ ոչ ճիշտ կադրային քաղաքականություն է վարել, հավատացել է նրանց, ում որ հավատացել է»։
Բաբայանի խոսքով՝ հանձնաժողովի այսօրվա նիստին անդրադարձել է նաև այլ հարցերի․ «Սպառիչ էին պատասխանները, թե՝ ոչ, կորոշի հանձնաժողովը։ Ես քննության եմ հրավիրվել քննչական կոմիտեում և ամբողջովին խոսել եմ Հանրային հեռուստատեսությամբ իմ տված հարցազրույցը ավելի ծավալուն, խոսել զինամթերքի հանձնման, Բաքվի հետ բանակցությունների, սահամանդրության տապալման հետ կապված բոլոր հարցերով»։
Նա նաև շեշտեց՝ պաշտոնի առաջարկ չի ստացել, ստանալու դեպքում կմերժի դա։
