«Ռոսսելխոզնադզոր»-ը 2 օրում 110 անգամ շատ խախտում է հայտնաբերել, քան նախորդ 11 ամիսներին. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը:

Այս մասին հայտնում է տեսչական մարմինը:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։

«Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտասրական վերահսկողության դաշնային ծառայության կողմից»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսի անցակետը, ամբողջությամբ փակվել է արդեն մի քանի օր։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, բազմաթիվ բեռնատարներ սպասում են երթևեկության թույլտվության: Հարցը մեծ դժվարություններ է առաջացրել դեպի Ռուսաստան գյուղմթերք և այլ տեսակի ապրանքներ արտահանող հայ տնտեսվարողների համար:

Լարսի անցակետի փակվելը խիստ անհանգստություններ է առաջացրել հանրության շրջանում: Կան պնդումներ, որ դրա փակումը կապված է ոչ այնքան եղանակային պայմաններով, որքան քաղաքական նպատակներով:

Հավելենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ն էլ հաղորդագրություն է հրապարակել՝ կոչ անելով հայ գործընկերներին շտապ միջոցներ ձեռնարկել հանրապետությունից վնասակար օրգանիզմներով բուսաբուծական արտադրանքի մատակարարումը կանխելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում