Եթերը шզшտшգրվել է ցենզուրայից, բայց արդյոք ձերբազատվե՞լ է քաղաքական պատվերներ կատարելուց. ՀՀ վարչապետի ու նախագահի դիտարկումների հետքերով

Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա ՀՀ  կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանել է Հեռուստատեսության աշխատողի օր: Օրվա առթիվ իրենց շնորհավորական ուղերձներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևոր շեշտադրումներ են արել՝ այսօր «Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար», «ներկայումս մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին՝ խոսքի ազատությանն ու գրաքննության (ցենզուրա-խմբ.) մերժմանը»:

Այսօր ՀՀ-ում հեռարձակվող ալիքների սիրողական դիտարկումներն անգամ կցուցանեն, որ հայկական հեռուստաեթերն իրոք բազմազան է, սակայն բազմազանությունը միշտ չէ, որ նաև որակի ու բարձր ճաշակի երաշխիք է, օբյեկտիվ,  ստուգված, հավասարակշռված և ամենակարևորը՝ պետական տեղեկատվական  անվտանգությանը չսպառնացող լրատվության մատուցման վկայություն։ Մեր խոսքերը հավաստելու է գալիս մասնագիտական մարմինը։  Հեռուստատեսության ոլորտի  կարգավորմամբ զբաղվող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ ԱԺ-ին ներկայացված 2022 թ. տարեկան հաղորդման նախաբանում (հեղինակ՝ ՀՌՀ նախագահ  Տիգրան Հակոբյան) ընդհանուր գծերով տրված է այսօրվա  հեռուստաեթերի ախտորոշումը․ «Տեսալսողական մեդիայում ստեղծված իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Թվային տեխնոլոգիաների «պայթյունային» զարգացումը, արագ ընթացող քաղաքական, տնտեսական փոփոխությունները, իրավական կարգավորումների անկատարությունը, քաղաքացիական ինստիտուտների թերի զարգացումը նոր մարտահրավերներ են առաջացնում մեդիայի ազատության և անկախության համար, իսկ մյուս կողմից պարարտ հող ստեղծում քարոզչական գործիքների միջոցով կեղծ տեղեկատվության, «թշնամանքի լեզվի» և մտաշահարկումների (մանիպուլյացիա) տարածման համար։ Երկրի անվտանգությանը սպառնացող, լրագրության մասնագիտական չափորոշիչները, Հեռարձակողների անկախությունն ու ազատությունը, հանրային շահի սպասարկումն արժեզրկող մարտահրավերների չեզոքացումն այսուհետ պետք է առաջնային խնդիր համարվեն ոչ միայն կարգավորող մարմնի, այլև պետության տարբեր ինստիտուտների և հասարակության համար»։  Հաղորդման մեջ ներկայացված՝ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության հակիրճ նկարագրում էլ նշված է, որ «որոշ Հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությունը հաճախ հիմնված է նրանց հիմնադիրների, սեփականատերերի քաղաքական պատվերների վրա»։ Ըստ ՀՌՀ-ի՝ «ազատ և անկախ մեդիածառայություններ մատուցողների էկոհամակարգը իրականում ՀՀ-ում կայացած չէ, ինչը կբնութագրվեր Հեռարձակողների լիարժեք անկախությամբ և ազատությամբ, բազմակարծությամբ, որոնք միտված են սպասարկելու ՀՀ  քաղաքացու իրավունքը՝ ստանալ անկողմնակալ, բազմաբնույթ տեղեկատվություն»։

«Հայլուրային իրականության» և «փչացման» մասին

Երբ խոսվում է եթերի ազատության մասին, բոլորի ուշադրությունը սևեռվում է մասնավորապես հանրային միջոցներով սպասարկվող հեռարձակողի վրա՝  ի դեմս  Հանրային հեռուստաընկերության։ Որպես հեռուստատեսության անաչառության «բարոմետր»՝ ավանդաբար հանդես է գալիս տվյալ հեռարձակողի լրատվական բլոկը. եթե այն չի հայհոյում, սրի չի քաշում օրվա իշխանությանը, ֆեյք նյուզ չի տարածում, ուրեմն հանրային, ոչ մասնագիտական չափումներով այն «պրոիշխանական» է։ Իսկ եթե օրնիբուն լուտանքներ ու հայհոյանք է տեղում իշխանության հասցեին, ուրեմն սնվում է  «նախկինների փողերով»։ Այս չափումներն ու գնահատականներն, անշուշտ, պարունակում են օբյեկտիվության տարր՝ հաշվի առնելով մեդիաշուկայում  տիրող իրավիճակն ու լրատվական գործունեություն իրականացնող  «փայատերերի» ով լինելը, որոնց գերխնդիրը, ինչպես հայտնի է, մեդիան իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելն է։

Եթերի ազատությունը պայմանավորող կարևոր գործոններից մեկն էլ, անշուշտ,  հանրության բոլոր շերտերին, նրանց ձայնը բարձրացնող սուբյեկտներին եթեր տրամադրելու՝ խմբագրակազմի ազատությունն է։ Նախկինում, օրինակ, եթերը փակ էր մասնավորապես քաղաքական  որոշ գործիչների համար, անգամ «սև ցուցակ» էր կազմվել այն գործիչների, որոնց մուտքը Հ1 խստիվ արգելված էր։ Եվ ոչ միայն Հ1։ Մասնագիտական շրջանակներին հայտնի է, որ այդ  ցուցակում էին մասնավորապես  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ռադիկալ ընդդիմության այլ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Հայ Ազգային Կոնգրեսի անդամները։  Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի  գործունեության վերաբերյալ քննարկման ժամանակ, օրինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դժգոհեց. «Ինչո՞ւ Հ1-ով չեն հնչում իշխանությանը հակադիր կարծիքներ: Ինչո՞ւ նման հակադիր կարծիք հայտնող ընդդիմադիրները չեն հրավիրվում ո՛չ բանավեճերի, ո՛չ էլ թոք-շոուների: ՀԱԿ-ն ընդհանրապես զրկված է Հանրային հեռուստատեսությունում մասնակցությունից այդ առումով»: Իսկ այսօր ընդդիմադիր պատգամավորներից շատերը, ի հակառակ նախկին բարքերի, իրենք են հրաժարվում Հ1-ի եթեր գնալուց, մասնավորապես՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը մասնակցելուց։ Այդ մասին, ի դեպ, Ղազարյանը քանիցս է հայտարարել եթերում։ Որոշ ընդդիմադիր գործիչներ էլ, օրինակ, բաց տեքստով հայտարարում են, որ պետք է բոյկոտել Հանրայինի եթերը, մերժել հրավերները։ «Բոլորս էլ տեսնում ենք, որ այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում, ակնհայտ հակապետական գիծ՝ իր մշտական հյուրերով (խոսքը վերաբերում է բացառապես քաղաքական և լրատվական բլոկին)։ Իսկ նրա եթերում մեկումեջ հայտնվում են միայն «ընտրյալ ընդդիմադիրները»` փչացվելու և այլ նպատակներով։ Պետք է հանդես գալ միասնական որոշմամբ, հայտարարել Հանրայինի բոյկոտի մասին՝ «Հ1 չենք գնում, Հ1 չենք նայում»,- ժամանակ առաջ հայտարարել էր  Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, Ռոբերտ Քոչարյանի աջակից  Վահե Հովհաննիսյանը։

Ի դեպ, «փչացման» մասին։ Նախքան իշխանափոխությունը  Հ1-ի լրատվական բլոկն աչքի էր ընկնում հանրության տրամադրությունը չփչացնելու վարքագծով՝ մատուցելով ոչ թե իրականությունը՝ ինչպես կա, այլ ՝ իրականության «հայլուրային» մեկնաբանությունը՝  խեղաթյուրված, գլխիվայր շրջված։ Թևավոր  խոսք կար, որը գործածվում էր «Հայլուրի» հետ ասոցացվող նախկին իշխանության օրոք. «Գոյություն ունի  իրականություն և՝  հայլուրային իրականություն»։  «Հայլուր» անունով լրատվական հաղորդում, ի դեպ, այժմ էլ է հեռարձակվում՝ նախկին նախագահին սպասարկող «5-րդ ալիքի» եթերում։  Նկատենք, որ  Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հեղափոխությունից  հետո լրագրողների հետ զրույցում ընդունել էր «հայլուրային իրականության» փաստն ու ի պատասխան այդ դիտարկման՝ հայտարարել. «Դուք այսօր կտրվել եք «Հայլուրի» իրականությունից: Այսօր «Օրակարգ» հաղորդումը լուսաբանում է այսօրվա իշխանություններին»: Տիկինը նաև հերքել էր, թե երբևէ իրեն Բաղրամյան 26-ից ցուցում եղել է:  Հարցին էլ, թե ինչու Հանրայինի ղեկավարությունը չի հեռանում, Գրիգորյանը պատասխանել էր. «Որովհետև Հանրայինի ղեկավարությունը չի արել որևէ անամոթ, որևէ սխալ գործ»:

Հ. Մ. 

Կիսվել սոց․ ցանցերում