Կոռուպցիայի դեմ պայքարը, ըստ որոշ մասնագետների, պետական անվտանգության հիմնախնդիր է դարձել, այդ իսկ պատճառով Հայաստանում մոտ 5 տարի է՝ գործարկվել է ազդարարման համակարգը։ Azdararir.am էլեկտրոնային հարթակի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն կոռուպցիոն հանցագործության մասին իրենց ունեցած տեղեկությունները ներկայացնելու առցանց, դրանք կարող են ներկայացվել անանուն եղանակով։ Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրենց կարևոր դերակատարումը ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում, դրա կանխարգելման և պետության միջոցների ու հանրության շահի պաշտպանության կարևոր գործում։ Այդուհանդերձ հանրության մի մասի մոտ այն ընկալվում է որպես «գործ տալու» պրոցես։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը նշում է. «Ես հիշում եմ, որ Ազգային ժողովում դեռևս 2019 թվականին այս օրենքի փոփոխության մասով որոշակի գործընթաց սկսվեց, անգամ ԱԺ-ում այն ժամանակվա ընդդիմության կողմից էր այդ պիտակավորումը տրվում, որ սա «գործ տալ է» և այլն, և այլն։ Ես պետք է նաև շեշտեմ, որ վերջին 4-5 տարիներին որոշակի առաջընթաց, այդուամենայնիվ, կա, այսինքն՝ մեր հանրությունն էլ է փոխվում։ Հատկապես պատերազմից հետո, ես կարծում եմ, մարդիկ սկսեցին վերագնահատել և ողբերգության փորձի ձևով տեսան կոռուպցիայի հետևանքը, որովհետև մենք չենք կարող չընդունել, որ մեր բազում սխալների հետ մեկտեղ մեր պարտության պատճառների մեջ կոռուպցիան ևս ունի իր ահռելի մեծ դերը, և մարդիկ սկսեցին հասկանալ, որ յուրաքանչյուրի պատասխանատվությունն է պայքարել դրա դեմ»։
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը նշում է, որ հանրության մի զգալի մաս տեղեկացված չէ հարթակի մասին, և այդ առումով շատ կարևոր է իրազեկվածությունը։ Այդ պատճառով առաջիկա 12 ամիսների ընթացքում կազմակերպվելու են բազմաբովանդակ ծրագրերի արշավներ, որոնք իրեց մեջ ներառելու են կրթական ծրագրերի իրականացում՝ դպրոցներում և բուհերում, տեղեկատվական հոլովակների հեռարձակում հեռուստատեությամբ և առցանց հարթակներում և այլ ծրագրեր։
Գայանե Աբրահամյանը կարևոր է համարում նշված ծրագրերի արդյունքում կոտրել հանրության շրջանում «գործ տալու» կարծրատիպը, ձևավորել մթնոլորտ, որում հասարակությունը անհանդուրժող է լինելու կոռուպցիայի նկատմամբ, և խրախուսել դրա դեմ պայքարը։
Աշխարհի մի շարք երկրներում օգտագործվում է նաև ֆինանսական խրախուսման միջոցը, ինչը, ըստ Աբրահամյանի, արդյունավետ միջոց է։ «Միջազգային տարբեր պրակտիկաներում կիրառվում է խրախուսման միջոցը, հատկապես տոկոսային հարաբերակցությամբ, այսինքն՝ եթե այդ ազդարարման շնորհիվ պետական բյուջե է վերադարձվել այսքան գումար, ապա այսքան գումարի 10-30 տոկոսը վերադարձվում է տվյալ խնդիրը բարձրաձայնողին»։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը։ Եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, ապա հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին: Բավարար հիմքերի առկայության դեպքում նախաքննության մարմինը Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հարուցում է քրեական գործ:
Դավիթ Լևոնյան
Մանրամասները՝ տեսանյութում
