Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն փոփոխությունը, որը Կառավարությունը սահմանել է։
Ըստ դրա՝ ՀՀ-ում բնակվող անձինք կամ մշտապես բնակության իրավունք ունեցողները պետք է ապահովեն մաքսային վճարումները, եթե երրորդ երկրից ներմուծում են ավտոմեքենա։
«Օրինակ՝ ՀՀ-ի քաղաքացին կամ այստեղ մշտական բնակության կարգավիճակ ունեցող օտարերկրյա անձը ձեռք է բերում Վրաստանում հաշվառված տրանսպորտային միջոց և մուտք է գործում ՀՀ և դա օգտագործում է այստեղ, այդ ժամանակ ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված է, որ տվյալ դեպքում քաղաքացին պարտավոր է լինելու մաքսային վճարումների ապահովումը պահել, իսկ երկիրը լքելուց հետո գումարը նրան հետ է վերադարձվելու։ Վճարների հաշվարկը շատ հեշտ է լինելու և կախված է լինելու շարժիչների ծավալից՝ անկախ նրանից՝ ինչ արժե մեքենան, և մարդիկ ինչ գնով են այն ձեռք բերել»,- ասաց նա։
Կարապետյանը մանրամասնեց՝ ԵԱՏՄ օրենսդրությունն այնպես է եղել, որ թույլ է տվել որոշ անձանց, որոնք մշտապես բնակվել են այստեղ կամ ՀՀ քաղաքացի են, օտարերկրյա պետությունում գրանցված ավտոմեքենայով ժամանել Հայաստան և զբաղվել իրենց գործերով, սակայն եղել են դեպքեր, երբ մարդիկ, չմաքսազերծելու պարագայից օգտվելով, այդ մեքենաները օգտագործել են իրենց անձնական նպատակների համար․ «Փորձել են օրենսդրության բացը օգտագործել և մեքենա են ներմուծել ու այն ծառայեցրել իրենց համար, սակայն անհավասար պայմաններ են ստեղծվել այն մարդկանց դեպքում, որոնք բերում ու մաքսազերծում են իրենց մեքենաները։ Սակագները և դրույքաչափերը մաքսազերծման դեպքում բավականին բարձր են, անգամ մեքենայի գնից, բայց դա սահմանել է ԵԱՏՄ հանձնաժողովը»։
